fbpx

Ցանկացած վայրից ցանկացած պահին ներդրումներ կատարելը դարձել է թրենդային թվային փոխակերպման շնորհիվ․ Վաչիկ Գևորգյան

Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը News.am-ի հետ կիսվել է Doing Digital Forum-ին մասնակցության իր տեսլականով:

Պարոն Գևորգյան, ինչպե՞ս եք սահմանում թվային փոխակերպումն ու, ըստ Ձեզ, ինչո՞ւ է այն այսօր այդքան կարևոր:

Հայաստանում ֆինանսական ոլորտն ավանդաբար եղել է ավելի շատ թղթային և ավելի քիչ տեխնոլոգիական ուղղվածության: Ներկայում, երբ հաճախորդներն ավելի ու ավելի շատ են պահանջում ժամանակակից լուծումներ, թվային փոխակերպումն անխուսափելի է դարձել։ Նոր մարտահրավերների ի հայտ գալը, ինչպիսին են նեոբանկերը, ալգո առևտրային ընկերությունները և ռոբո-խորհրդատուները, էլ ավելի է բարդացրել մրցունակ մնալն՝ առանց սեփական ընկերության թվային փոխակերպման։

Որպես ներդրումային ոլորտի ներկայացուցիչ՝ ինձ համար թվային փոխակերպումն ավելի շուտ տվյալների վրա հիմնված բիզնես մոդելի կառուցումն է, որը թույլ է տալիս նվազեցնել ձեռքով կատարվող գործընթացները և բարձրացնել գործառնությունների արդյունավետությունն ու ընդհանուր անվտանգությունը: Հավասարապես կարևոր է նաև թվային հաճախորդ լինելու փորձառության ապահովումը: Այսօր  գրեթե ոչ մի հաճախորդ չի ցանկանում ֆիզիկապես այցելել ընկերություն՝ հաշիվ բացելու կամ թղթով ձևակերպված պատվեր ներկայացնելու համար: Սա արդեն անցած պատմություն է։ Ընկերություններն անցնում ենք թվային փոխակերպման ուղիով հաճախորդներին անխափան սպասարկում ապահովելու համար:

Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը News.am-ի հետ կիսվել է Doing Digital Forum-ին մասնակցության իր տեսլականով:

Որո՞նք են թվային փոխակերպումը խթանող միտումներն ու տեխնոլոգիաներն այսօր և որո՞նք են ուրվագծվում ապագայի համար։

Թվային փոխակերպումը խթանող ամենակարևոր միտումը ներկայում համարում եմ այն, որ ամեն ինչ առաջինը նախագծվում է շարժական սարքերի համար։ Տեղեկատվություն ստանալու և գործարքներ իրականացնելու նպատակով շարժական սարքերից օգտվելու աճի պայմաններում ձեռնարկությունները ստեղծում են հեշտ կիրառելի բջջային հավելվածներ՝ իրենց ծառայությունները մատուցելու համար: Մեկ այլ կարևոր միտում էլ արհեստական բանականության վերջին զարգացումներն են։ Քանի որ ԱԲ լուծումներն ավելի կատարելագործվում են, ներդրումային ընկերությունները կկարողանան տրամադրել անհատականացված ու կոնկրետ ներդրումային նպատակներին ծառայող խորհրդատվություն:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն կազմակերպություններին, որոնք նոր են սկսում թվային փոխակերպման իրենց ուղին։

Թվային փոխակերպման ուղին բռնած ընկերություններին իմ խորհուրդն է՝ լինել համբերատար և պատրաստ երկարատև ճամփորդության։ Գործող բիզնեսի վերափոխումը մեկ գիշերվա աշխատանք չէ, և այդ ուղին կարող է լինել մարտահրավերներով լի, նույնիսկ ավելի դժվար, քան զրոյից թվային բիզնես կառուցելը: Կարևոր է ճիշտ մտածելակերպով ու փորձով թիմակիցներ ընտրելը, ովքեր պատրաստակամ են հաղթահարելու բոլոր խոչընդոտները։

Ի՞նչ թեմաներ եք պատրաստվում շոշափել Doing Digital Forum-ի շրջանակում:

Հիմնական քննարկումները կծավալվեն ամպային ՏՏ ենթակառուցվածքի օգտագործման կարգավորումների շուրջ՝ առանցքում ունենալով հատկապես տվյալների գաղտնիության պահպանության հարցը։ Նաև կխոսեմ բջջային ներդրումների և ներդրողներին ամեն պահ սեփական պորտֆելները կառավարելու հնարավորություն ընձեռող հարթակների մասին, որոնք ներկայում մեծ տարածում են ստանում։

Ի՞նչ կտա ֆորումը մասնակիցներին:

Ավելի քան 15 տարի աշխատելով հայաստանյան ներդրումային ոլորտում՝ չեմ հիշում մեր երկրում որևէ կարևոր իրադարձություն, որը բացառապես նվիրված լիներ տեխնոլոգիական և թվային փոխակերպմանը: Սա բացառիկ հնարավորություն է բոլոր մասնակիցների համար ծանոթանալու թվային փոխակերպման ընթացիկ միտումներին, հանդիպելու ոլորտի առաջադեմ փորձագետներին ու ստանալու նոր գիտելիք: Թվային վերափոխման ուղիով արդեն անցած ընկերությունների փորձի ներկայացումն անգնահատելի կլինի բոլոր նրանց համար, ովքեր նոր են սկսում իրենց այդ ճանապարհը։

Վերջին թարմացումը՝ 30.03.2023 00:00