2024 թվականի նոյեմբերին Apricot Capital-ը գործընկեր համալսարանների հետ համատեղ վերջիններիս ուսանողների և անձնակազմի համար կազմակերպեց «Ներդրումներ. ինչո՞ւ, ե՞րբ, ինչպե՞ս» խորագրով ինտերակտիվ վարպետության դասեր։ Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կրթական ուղղության շրջանակում կազմակերպված այս դասերի նպատակն էր բարձրացնել ֆինանսական գրագիտությունը և նպաստել Հայաստանում պատասխանատու ներդրումային մշակույթի ձևավորմանը։
Դասընթացների շրջանակներում Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը, գործառնական տնօրեն Դավիթ Ղուկասյանը և վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանը դասընթացներ վարեցին համապատասխանաբար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ), Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ):
Գործընկեր համալսարանների ուսանողներն ու անձնակազմը հնարավորություն ունեցան ծանոթանալ Հայաստանում և միջազգային շուկաներում ներդրումային հնարավորություններին, ներդրումների տարբեր տեսակներին, դրանց առանձնահատկություններին ու ռիսկերին՝ ստանալով տեղեկացված ֆինանսական որոշումներ կայացնելու և իրենց խնայողություններն արդյունավետ կառավարելու համար օգտակար գիտելիքներ։