Մաս 12. Արժեթղթեր
«Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքի այս 12-րդ մասում կուսումնասիրենք ֆինանսական շուկաների հիմնական բաղադրիչը` արժեթղթերը:
«Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնելու ենք ոլորտի տերմինները: Շարքը սկսում ենք բազային բառապաշարից և ժամանակի հետ սահուն անցում կկատարենք դեպի ավելի բարդ տերմինաբանության:
Սկսենք հիմնական հասկացություններից՝
Ներդրումներ և Ներդրող
Համեմատենք ներդրումները ծիրանի ծառ տնկելու հետ։ Ձեր ժամանակն ու ջանքերը հատկացնում եք այդ գործին՝ ապագայում բերք ստանալու հույսով:
Մեր օրինակում ծառ տնկողը փաստորեն ներդրողն է, ով տնկում է իր ֆինանսական ապագայի, երազանքների և հարստություն կառուցելու սերմերը: Փորձառու ներդրողը շատ ծառեր է տնկել և կարող է ունենալ բազմաթիվ այգիներ, մինչդեռ սկսնակը կարող է սկսել փոքրից և ժամանակի ընթացքում ընդլայնվել:
Եվ ինչպես գյուղատնտեսության մեջ, այնպես էլ ներդրումների մեջ կան հնարավոր ռիսկեր։
Ռիսկ
Ներդրումները պարունակում են հնարավոր ռիսկեր։ Ինչպես տնկած ծիրանի ծառը կարող է ծաղկել ու բերել առատ բերք կամ չդիմակայելով անսպասելի մարտահրավերներին չորանալ, այնպես էլ ներդրումները կարող են տալ դրական կամ բացասական արյունք: Վատ եղանակը, վնասատուները, նույնիսկ պարարտանյութի ընտրությունը կարող են ազդել ծառի աճի վրա, ինչպես որ անկանխատեսելի շուկայական ուժերը կամ ներդրողների ընտրությունը կարող են ազդել ներդրումների արդյունքների վրա։
Ռիսկերի հետ աշխատելու ուղիներից մեկը դիվերսիֆիկացումն է:
Դիվերսիֆիկացում
Երբևէ լսե՞լ եք «Մի´ պահիր քո բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ» ասացվածքը։ Ռիսկերի դիվերսիֆիկացիայի այս գաղափարը հանդիպում է տարբեր մշակույթներում և բազմաթիվ ձևերով։ Այս սկզբունքը կիրառվում է նաև ներդրումների աշխարհում։
Դիվերսիֆիկացումը փաստորեն ռիսկերը նվազեցնելու նպատակով ներդրումները տարբեր զամբյուղներում (ակտիվների տեսակներ, ոլորտներ, ընկերություններ) բաշխելն է: Ծիրանի ծառ տնկողը կարող է տնկել տարբեր տեսակի ծիրաններ և այլ սերմեր՝ լավ բերք ստանալու հնարավորությունը առավելագույնի հասցնելու համար: Ֆինանսական շուկայում գտնում ենք սերմերի (ներդրումների տեսակներ) բազմազանություն, որը և թույլ է տալիս իրականացնել ներդրումների դիվերսիֆիկացում:
Կհանդիպենք 2-րդ մասում, որտեղ կուսումնասիրենք բազային հասկացությունների և բառապաշարի շարունակությունը։ Եվ հիշեք, որ գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաարժեքավոր որոշումներից մեկն է, որ կարող եք կայացնել:
Վերջին թարմացումը՝ 29.01.2024 17:55