Մաս 31: Երկարաձգված առևտուր, նախաշուկայական և հետշուկայական առևտուր

Ներդրումներ կատարելիս կարևոր է հասկանալ բորսաների աշխատանքային ժամերն ու օրերը՝ ներդրումներն արդյունավետ կերպով պլանավորելու համար։

Ինչպես գիտենք, բորսաներում արժեթղթեր կարող ենք գնել կամ վաճառել տվյալ ֆոնդային բորսայի աշխատանքային օրերին և ժամերին։ Պետք է իմանալ այն բորսայի աշխատանքային ժամերը, որտեղ ցուցակված է այն արժեթուղթը, որը ցանկանում եք գնել։ Օրինակ, եթե ցանկանում եք գնել Apple-ի բաժնետոմսեր*, ապա պետք է հետևել Nasdaq-ի աշխատանքային գրաֆիկին, քանի որ Apple-ի բաժնետոմսերը ցուցակված են հենց այդ բորսայում։

Բացի շաբաթ և կիրակի օրերից, բորսաներն ունենում են նաև ոչ աշխատանքային օրեր, երբ տվյալ բորսան փակ է՝ տվյալ երկրի ազգային տոներով կամ այլ կարևոր առիթներով պայմանավորված։

Մեր կայքի “Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ” բաժնում ամեն տարվա սկզբին տեղադրում ենք այդ տարվա համար մեր հավելվածով հասանելի բորսաների աշխատանքային ժամերն ու հանգստյան օրերի ցանկը։

Սակայն, որոշ բորսաների դեպքում հնարավոր է արժեթղթեր գնել և վաճառել այդ բորսաների աշխատանքային ժամերից դուրս՝ երկարաձգված առևտրի ժամանակ։

Ի՞նչ է երկարաձգված առևտուրը

Երկարաձգված առևտուրն այն ժամանակահատվածն է, երբ առևտուրն իրականացվում է բորսայի աշխատանքային ժամերից դուրս։ Այս ժամանակահատվածը բաժանվում է երկու հիմնական փուլերի.

  • Նախաշուկայական առևտուր (Pre-Market trading), երբ առևտուրը տեղի է ունենում բորսայի բացումից առաջ (օրինակ՝ ԱՄՆ-ում Նյու Յորքի ժամանակով առավոտյան ժամը 4:00-ից մինչև 9:30-ը)։
  • Հետ-շուկայական առևտուր (After-Hours trading), երբ առևտուրն իրականացվում է բորսայի փակվելուց հետո (օրինակ՝ ԱՄՆ-ում Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ից մինչև 20:00-ը)։

Նշենք, որ այս երկարաձգված առևտրային ժամերը հասանելի են ոչ բոլոր ֆոնդային բորսաներում։ Այնուամենայնիվ, դրանք հասանելի են խոշոր բորսաներում, ինչպիսիք են NYSE-ը, Nasdaq-ը, Լոնդոնի ֆոնդային բորսան, և այլն։

Սա հնարավորություն է տալիս ինստիտուցիոնալ և միջազգային ներդրողներին արագ արձագանքել այն կարևոր նորություններին, որոնք հրապարակվում են այն ժամանակ, երբ հիմնական շուկան փակ է։ Սա հատկապես վերաբերում է ընկերությունների շահույթի մասին հաշվետվություններին կամ կառավարության կողմից տրամադրվող տնտեսական ցուցանիշներին։

Երկարաձգված առևտրի առանձնահատկությունները և ռիսկերը

Երկարաձգված ժամերին առևտուրը զգալիորեն տարբերվում է սովորական ժամերին իրականացվող առևտրից, հատկապես ռիսկի տեսանկյունից։

  • Իրացվելիության ռիսկ | Երկարաձգված առևտրին մասնակցում են ավելի քիչ ներդրողներ (հիմնականում մասնագետներ), ինչը նշանակում է, որ իրացվելիությունն ավելի ցածր է։
  • Տատանողականության ռիսկ | Ցածր իրացվելիության պատճառով գների տատանումները կարող են ավելի կտրուկ լինել։
  • Գնային տարբերություն (Spread) | Այս ժամերին գնորդի և վաճառողի միջև գնային տարբերությունը կարող է լինել ավելի լայն, քան սովորական ժամերին։
  • Հասանելիություն | Երկարաձգված ժամերին հասանելի չեն բոլոր բաժնետոմսերը։

Ինչպե՞ս առևտուր կատարել նախաշուկայական և հետշուկայական ժամերին

Apricot Capital-ը տրամադրում է երկարաձգված առևտրի իրականացման հնարավորություն այն բորսաների համար, որոնք ունեն նման ժամեր։

Այդ ժամերին հնարավոր է մուտք գործել մեր հավելված, ընտրել այն արժեթուղթը, որը ցանկանում եք գնել կամ վաճառել, և պարզապես շուկայական հայտի (Market Order) փոխարեն պետք է տեղադրել լիմիտային հայտ (Limited Order)՝ նշելով այն առավելագույն կամ նվազագույն գինը, որով պատրաստ եք գնել կամ վաճառել այդ արժեթուղթը։

Երկարաձգված առևտուրը կարող է շահավետ լինել այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են արագ գործել անսպասելի բիզնես իրադարձությունների կամ նորությունների հիման վրա։ Այնուամենայնիվ, այն կրում է իրացվելիության զգալի ռիսկեր։ Ցանկալի է խուսափել նման առևտրից, եթե դուք չունեք հստակ սահմանված ռազմավարություն։

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 10.11.2025 20:11