Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնել ոլորտի տերմինները: Նախորդ հրապարակումներում ուսումնասիրել ենք արժեթղթերի աշխարհը, ներառյալ բաժնետոմսերն ու պարտատոմսերը: Գիտեի՞ք, որ պարտատոմսերը կարող են Ձեզ ապահովել եկամտի կանոնավոր հոսքով: Այսօր մենք կանդրադառնանք պարտատոմսերի այս կարևոր բաղադրիչին՝ արժեկտրոնին:
Պարտատոմսից Ձեր կանոնավոր եկամուտը
Պատկերացրեք, որ դուք վարկ եք վերցրել բանկից՝ մեքենա գնելու համար: Դուք համաձայնվում եք վճարել վարկը որոշակի ժամանակահատվածում, և բացի հիմնական գումարից, դուք նաև տոկոս եք վճարում բանկին՝ գումարը փոխառելու արտոնության համար: Պարտատոմսերի արժեկտրոնները գործում են նման ձևով, բայց հակառակ ուղղությամբ:
Երբ դուք պարտատոմս եք գնում, դուք էստ էության «պարտոքով գումար եք տլաիս» ընկերությանը կամ կառավարությանը: Փոխարենը նրանք պարտավորվում են Ձեզ վերադարձնել այդ գումարը ապագա ամսաթվով (մարման ժամկետ)։ Բայց դա դեռ ամենը չէ: Նրանք նաև պարտավորվում են պարտատոմսի գործողության ողջ ընթացքում Ձեզ կանոնավոր կերպով վճարել տոկոսներ, որոնք կոչվում են արժեկտրոն (կուպոն)։
Ինչպես վարկի դեպքում դուք եք բանկին կանոնավոր կերպով տոկոս վճարում, այնպես էլ պարտատոմս ունենալու դեպքում արդեն դուք եք կանոնավոր կերպով տոկոսային վճարումներ ստանում։
Ինչպե՞ս են աշխատում արժեկտրոնները
Արժեկտրոնի տոկոսադրույքը տարեկան տոկոսադրույքն է: Այն սովորաբար արտահայտվում է որպես պարտատոմսի անվանական արժեքի (հիմնական գումարի) տոկոս: Օրինակ, եթե պարտատոմսն ունի 100 000 դրամ անվանական արժեք և 5% արժեկտրոնի տոկոսադրույք, դուք ամեն տարի կստանաք 5 000 դրամ տոկոս:
Արժեկտրոնային վճարումները սովորաբար կատարվում են կիսամյակային, ինչը նշանակում է, որ դուք տարվա մեջ կստանաք 2 500 դրամի երկու վճարում: Վճարման հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված պարտատոմսից:
Ինչո՞ւ են արժեկտրոնները կարևոր
- Ֆիքսված եկամուտ | Արժեկտրոնները պարտատոմս ունեցողի համար ապահովում են կանխատեսելի եկամտի հոսք: Սա կարող է հատկապես գրավիչ լինել կայունություն և կանոնավոր դրամական հոսք փնտրող ներդրողների համար:
- Եկամտաբերության հաշվարկ | Արժեկտրոնի տոկոսադրույքը հիմնական գործոն է պարտատոմսի եկամտաբերությունը որոշելու համար, որը ընդհանուր եկամուտն է, որը ներդրողը կարող է ակնկալել ստանալ: Պարտատոմսի եկամտաբերությունը դիտարկելիս հաշվի են առնում և՛ արժեկտրոնային վճարումները, և՛ պարտատոմսի շուկայական գնի փոփոխություններից ստացված ցանկացած հավանական շահույթ կամ վնաս:
Արժեկտրոնի տոկոսադրույքների վրա ազդող գործոններ
Պարտատոմսի արժեկտրոնի տոկոսադրույքի վրա ազդում են մի քանի գործոններ, ներառյալ՝
- Շուկայում տոկոսադրույքները | Շուկայական տոկոսադրույքները մեծ դեր են խաղում: Երբ տոկոսադրույքները բարձրանում են, նոր թողարկված պարտատոմսերը սովորաբար ունենում են ավելի բարձր արժեկտրոնի տոկոսադրույքներ:
- Թողարկողի վարկունակությունը | Ավելի բարձր վարկային վարկանիշ ունեցող թողարկողները (դեֆոլտի ավելի ցածր ռիսկ) կարող են առաջարկել ավելի ցածր արժեկտրոնի տոկոսադրույքներ:
- Մարման ժամկետը | Ավելի երկար մարման ժամկետ ունեցող պարտատոմսերը հաճախ ունենում են ավելի բարձր արժեկտրոնի տոկոսադրույքներ, քանի որ ներդրողի գումարն ավելի երկար ժամանակով են փոխառում։
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ պարտատոմսերի և դրանց Ձեր ներդրումային պորտֆելում ավելացնելու հնարավորությունների մասին: Կարդացեք մեր բլոգի գրառումը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես Apricot Capital-ի միջոցով գնել պարտատոմսեր:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: