SEC-ը հավանություն է տվել 11 բիթքոին ETF-ի՝ բազմաթիվ նոր ներդրողների համար ճանապարհ բացելով դեպի կրիպտոարժույթների աշխարհ:
Բիթքոինի ստեղծման օրվանից յուրաքանչյուր անձ, ով ցանկանում էր ձեռք բերել բիթքոին, պետք է կամ թվային դրամապանակ ունենար կամ էլ հաշիվ բացեր թվային արժույթի առևտրային հարթակում, ինչպիսիք են Coinbase-ը կամ Binance-ը:
Այսուհետ բիթքոինի ֆոնդերը կշրջանառվեն ֆոնդային բորսաներում և բիթքոին ձեռք բերելու համար բավական կլինի գնել բիթքոինի ETF:
ETF-ն ակտիվների կամ ակտիվների խմբի մեջ ներդրումներ կատարելու հեշտ միջոց է՝ առանց ուղղակիորեն գնելու ակտիվները: Օրինակ, SPDR Gold Shares ETF-ն թույլ է տալիս յուրաքանչյուրին ներդրումներ կատարել ոսկու մեջ՝ առանց ձուլակտորը պահելու կամ պահպանման վայր գտնելու։ ETF-ները կարող են հեշտությամբ գնվել և վաճառվել նաև ֆոնդային բորսաներում:
Բիթքոինի ETF-ները ընդունելու որոշումը մեծ հաղթանակ է խոշոր ֆոնդերի կառավարիչների համար, ինչպիսիք են BlackRock-ը, Fidelity Investments-ը և Invesco-ն, ովքեր կառավարելու են ֆոնդերը և հավանաբար հենց այսօրվանից մուտք կգործեն շուկա՝ սկսելով թեժ մրցակցությունը շուկայական մասնաբաժնի համար:
Բիթքոինի ETF-ները հաստատելու որոշման վերաբերյալ սպասումներն արդեն իսկ բարձրացրել են բիթքոինի գինը վերջին ամիսներին։ Ակնկալվում է, որ ֆոնդային բորսա մուտք գործելուց հետո բիթքոինն էլ ավելի մեծ պահանջարկ կունենա։