Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը Banks.am-ի հետ խոսել է ընկերության` Apricot Capital-ի բջջային հավելվածի, դրանով մարժային առեւտուր իրականացնելու հնարավորությունների եւ ներդրումային ոլորտի հեռանկարների մասին։
– Պարոն Գևորգյան, Apricot Capital-ը հիմնադրվել է 2022թ․-ին եւ այս կարճ ժամանակահատվածում արժանացել է անհատ ու ինստիտուցիոնալ շատ հաճախորդների վստահությանը, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է դա պայմանավորված:
– Իհարկե, բոլորին հայտնի պատճառներով ներդրումային պրակտիկան եւ ֆինանսական ոլորտում գործունեության այս տեսակն ու մշակույթը Հայաստանում մեծ տարածում չունեն, քանի որ մարդիկ բավականաչափ իրազեկված չեն։ Եվ Apricot Capital-ն իր գործունեությամբ նպատակ ունի տարածել եւ հասանելի դարձնել ներդրումային գործիքներն ու ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ մարդիկ կկարողանան ինքնուրույն կատարել ներդրումներ եւ արդյունավետ կառավարել իրենց խնայողությունները։
Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր հաճախորդները հարմարավետ եւ անվտանգ գործիքներով հասանելիություն ունենան ներդրումային ոլորտի լավագույն տեխնոլոգիաներին, ներդրումային գործիքներին եւ ծառայություններին։ Ուստի մեր պրոֆեսիոնալ թիմը պատրաստակամորեն տրամադրում է ինչպես մասնագիտական խորհրդատվություն, այնպես էլ փորձում է ձեւավորել առավելագույն հարմարավետ ու արդյունավետ հարթակ ներդրողների համար։ Կարծում եմ, հաջողության պատճառներից մեկը նաեւ դա է՝ մեր նվիրված ու նպատակաուղղված աշխատանքը։
– Խոսենք Apricot Capital բջջային հավելվածի մասին. ինչպե՞ս է հնարավոր Apricot Capital-ի միջոցով դառնալ ներդրող։
– Ներդրումներ կատարելու եւ արժեթղթեր ձեռք բերելու գործընթացն առավելագույն պարզ ու հասանելի դարձնելու համար մենք անընդհատ կատարելագործում ենք մեր ներդրումային հարթակը՝ հիմնականում առաջնահերթությունը տալով բջջային հավելվածին։ Դրա արդյունքում ներկայումս թե՛ միջազգային, թե՛ տեղական բազմաթիվ ներդրումային գործիքներ արդեն հասանելի են Apricot Capital բջջային հավելվածով։
Մենք ունենք նաեւ հավելվածի նախատիպային (demo) տարբերակը, որը, կարծում եմ, շատ մեծ առավելություն է մեր օգտատերերի համար։ Առանց պայմանագրի բացվում է բրոքերային հաշիվ, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ բջջային հավելվածի բոլոր հնարավորություններին, գործարքներ կատարել ոչ իրական` վիրտուալ գումարով, ճիշտ գնահատել ներդրումների առավելությունները եւ հնարավոր ռիսկերը։
– Նշեցիք, որ մի շարք ֆինանսական գործիքներ արդեն հասանելի են հավելվածի միջոցով։ Ի՞նչ գործիքների ու հնարավորությունների մասին է խոսքը եւ առավելապես՝ ի՞նչ է մարժային առեւտուրը։
– Այս պահին մեր հավելվածի միջոցով հասանելի են արտարժույթի փոխանակման (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ֆունտ ստերլինգ, իեն եւ այլն), պետական պարտատոմսերի առուվաճառքի, համաշխարհային ֆինանսական շուկաներում ներդրումներ իրականացնելու ծառայությունները։ Apricot Capital-ի հավելվածը տալիս է ոչ միայն ստանդարտ, այլ նաեւ մարժային հաշիվ բացելու հնարավորություն։
Առհասարակ, մարժան ֆինանսական ոլորտում ընկալվում է որպես գրավով ապահովված փոխառություն, որի հաշվին ներդրողը կարող է գնել կամ վաճառել լրացուցիչ արժեթղթեր: Շատ հաճախ մարդիկ, ովքեր ցանկանում են արժեթուղթ ձեռք բերել, սակայն չունեն բավարար ֆինանսական միջոցներ, պարտքով գումար կամ բանկից վարկ վերցնելու փոխարեն դիմում են իրենց բրոքերին։ Մարժային առեւտուրը կարելի է բնութագրել որպես բանկային վարկի այլընտրանքային տարբերակ․ արժեթղթերի կամ դրամական միջոցների ապահովությամբ տրամադրվում է փոխառություն՝ մարժա, որն էլ օգտագործվում է լրացուցիչ ներդրումներ կատարելու համար։
Կարելի է ասել, որ մեր հայրենակիցների համար առավել մեծ գրավչություն է առաջացնում տեխնոլոգիական ընկերությունների, այսպես կոչված, «կախարդական յոթնյակը» (magnificent seven). դրանք են՝ Apple, Microsoft, Amazon, Tesla, Nvidia, Google, Adobe ընկերությունների արժեթղթերը։ Իհարկե, այս ընկերությունների արժեթղթերը կարող են ձեռք բերվել ինչպես մարժայի միջոցով, այնպես էլ առանց դրա։
– Որո՞նք են նախնական մարժա (initial margin), նվազագույն կամ պահպանման մարժա (maintenance margin) հասկացությունները մարժային առեւտրում։
– Նախնական մարժան այն գումարն է, որը հաճախորդը պետք է իր հաշվում ունենա դրամական միջոցների կամ արժեթղթերի տեսքով, մեր կողմից փոխառություն ստանալու եւ լրացուցիչ ներդրումային դիրք բացելու համար: Պահպանման մարժան այն նվազագույն գումարն է, որը պետք է առկա լինի մարժայի առեւտրային հաշվում՝ ներդրումային դիրքը պահպանելու համար: Երբ հաշվում առկա գումարը պակաս է լինում սահմանված նվազագույն գումարի չափից, մենք օգտատիրոջը տեղեկացնում ենք դրա մասին, ծանուցում, այսպես ասած՝ margin call ենք ուղարկում եւ առաջարկում հաշվի համալրում կամ ակտիվների մի մասի վաճառք։
– Կարո՞ղ եք նշել մարժային առեւտրի հետ կապված ռիսկերից մի քանիսը:
– Ռիսկն այն հիմնական գործոններից է, որը մեծ ազդեցություն ունի ֆինանսական որոշումների կայացման վրա։ Կարող եմ առանձնացնել համակարգային եւ ոչ համակարգային ռիսկերը։ Համակարգային ռիսկերից են՝ ֆինանսական, քաղաքական ճգնաժամերը, բնական աղետները, պատերազմները եւ այլն։ Մարժային թրեյդերները հատկապես խոցելի են շուկայական ռիսկի նկատմամբ (ակտիվների գների կտրուկ փոփոխություններ, շուկայի ընդհանուր անկայունություն եւ այլն), քանի որ նրանք հաճախ առեւտուր են անում փոխառված միջոցներով, ինչը կարող է հանգեցնել զգալի կորուստների, եթե շուկան շարժվի իրենց կողմից բացված ներդրումային դիրքերի հակառակ ուղղությամբ: Ոչ սիստեմատիկ ռիսկերը ընկերությանը բնորոշ ռիսկերն են։ Օրինակ՝ «Տեսլա» ընկերության եւ՛ հնարավորությունը, եւ՛ «ռիսկը» Իլոն Մասկն է (ժպտում է-խմբ), իր կողմից կայացրած որոշումներով են պայմանավորված ընկերության թե՛ վերելքները, եւ թե՛ անկումները։
Կարծում եմ, արդյունավետ դիվերսիֆիկացված պորտֆելի դեպքում նվազում են հավանական ռիսկերը։ Ներդրում կատարողի համար ճշգրիտ տեղեկատվության ապահովումը եւս հանդիսանում է ռիսկի նվազեցման միջոց։ Ներդրողը կարող է ընդունել արդյունավետ ֆինանսական որոշումներ, երբ լիարժեք պատկերացում կամ տեղեկատվություն ունի տվյալ խնդրի շուրջ։
Հանդիսանալով լիցենզավորված ներդրումային ընկերություն, մենք կարեւորում ենք ներդրումների իրականացման հարմարավետ պայմանների ապահովումը՝ անընդհատ կատարելագործելով մեր տեխնոլոգիական հնարավորությունները։ Մեր թիմը արդյունավետ եւ նորարար գործիքների կիրառման միջոցով նպաստում է ներդրումային արդյունավետ որոշումների կայացմանն ու մեր հաճախորդների արժեթղթերի պորտֆելի գրագետ կառավարմանը։
Նպատակը մեկն է՝ Հայաստանում ներդրումային մշակույթը դարձնել հասանելի եւ գրավիչ բոլորի համար։