Մաս 21. Կապիտալի հավելաճ

Ներդրումների աշխարհում հաճախ կլսեք «կապիտալի հավելաճ» եզրույթը։ Բայց ի՞նչ է այն իրականում նշանակում, և ինչո՞ւ է այն այդքան կարևոր ներդրողների համար։ Այս հոդվածում մենք կուսումնասիրենք կապիտալի հավելաճը և կբացատրենք, թե ինչպես է այն աշխատում։

Ի՞նչ է կապիտալի հավելաճը

Կապիտալի հավելաճն այն եկամուտն է, որը ստանում եք՝ վաճառելով որևէ ակտիվ (գույք, ֆինանսական գործիք, և այլն) ավելի բարձր գնով, քան այն ձեռք էիք բերել։ 

Ենթադրենք, որ տուն եք գնում $100,000-ով և հետագայում վաճառում այն $150,000-ով։ Այս դեպքում ունեք $50,000 կապիտալի հավելաճ (առանց գործարքի ծախսերը հաշվի առնելու)։ Նույն սկզբունքը գործում է նաև ներդրումների դեպքում, այդ թվում՝ բաժնետոմսերի, պարտատոմսերի, անշարժ գույքի կամ նույնիսկ կոլեկցիոն իրերի։

Օրինակ՝ գնում եք որևէ ընկերության 10 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը $10-ով (ընդհանուր ներդրումը կազմում է $100)։ Եթե հետագայում վաճառեք այդ 10 բաժնետոմսերը, երբ դրանց գինը հասնի $15-ի, ապա դրանց վաճառքից ստացված ընդհանուր գումարը կկազմի $150։ Այս դեպքում Ձեր կապիտալի հավելաճը կլինի $50 ($150 – $100)։

Իրացված և չիրացված կապիտալի հավելաճ

Կարևոր է տարբերակել կապիտալի հավելաճի երկու տեսակները.

  • Չիրացված | Սա այն դեպքն է, երբ ակտիվի արժեքն աճել է, բայց Դուք այն չեք վաճառում։ Օրինակ՝ բաժնետոմս եք գնել $50-ով, իսկ դրա ընթացիկ շուկայական գինը $70 է։ Ստացվում է, որ յուրաքանչյուր բաժնետոմսի համար ունեք չիրացված կապիտալի հավելաճ՝ $20։ Այս շահույթը «իրական» է դառնում միայն ակտիվը վաճառելուց հետո։
  • Իրացված | Սա այն շահույթն է, որը Դուք «ամրագրել» եք՝ վաճառելով ակտիվը։ Երբ վաճառում եք բաժնետոմսը $70-ով, յուրաքանչյուր բաժնետոմսից ստացված $20 շահույթը դառնում է իրացված շահույթ։

Ինչո՞ւ է կարևոր կապիտալի հավելաճը

Կապիտալի հավելաճը ներդրողների համար եկամուտ ստանալու հիմնական միջոցներից է, հատկապես բաժնետոմսերի պես աճի վրա կենտրոնացած ակտիվների դեպքում։

2025 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կապիտալի հավելաճը հարկման ենթակա չէ։

Կապիտալի հավելաճը և ներդրումային ռազմավարությունը

Ներդրողները հաճախ ձգտում են ունենալ կապիտալ հավելաճ՝ ներդրումներ կատարելով այնպիսի ակտիվներում, որոնք, իրենց կարծիքով, կաճեն։ Կարևոր է հիշել, որ կապիտալի հավելաճը երաշխավորված չէ։ Որևէ ակտիվի արժեքը կարող է աճել, բայց նաև կարող է նվազել՝ բերելով կապիտալի կորուստի, եթե այդ ակտիվը վաճառեք ավելի ցածր գնով, քան գնել եք։

 

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 08.08.2025 16:35