Շարունակելով «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքը՝ այս բլոգի գրառման մեջ կծանոթանանք շուկայական կապիտալիզացիային։ Այս ցուցանիշն օգտագործվում է բաժնետոմսերի շուկայում ընկերությունների չափը և արժեքը հասկանալու համար:
Ի՞նչ է շուկայական կապիտալիզացիան
Շուկայական կապիտալիզացիան ցույց է տալիս, թե որքան է արժե ընկերությունը բաժնետոմսերի շուկայի տվյալներով: Ընկերության շուկայական կապիտալիզացիայի վրա ազդում են ներդրողների տրամադրությունը և շուկայական միտումները, և այն պարտադիր չէ, որ արտացոլի ընկերության իրական արժեքը, որն ավելի համապարփակ գնահատական է, որը հաշվի է առնում ընկերության ակտիվները, պարտավորությունները, եկամուտները և ապագա աճի հեռանկարները: Ըստ էության, շուկայական կապիտալիզացիան ընկերության արժեքի պատկերն է տվյալ պահին՝ հիմնվելով նրա բաժնետոմսի ընթացիկ գնի վրա:
Ինչպե՞ս է այն հաշվարկվում
Այն հաշվարկվում է՝ վերցնելով ընկերության մեկ բաժնետոմսի ընթացիկ գինը և բազմապատկելով այն շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի ընդհանուր քանակով։
Շուկայական կապիտալիզացիա = մեկ բաժնետոմսի ընթացիկ գին * շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի ընդհանուր քանակ
Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե ըստ բաժնետոմսերի շուկայի որքան արժե ընկերությունը:
Օրինակ, եթե ընկերությունն ունի 1 միլիոն շրջանառության մեջ գտնվող բաժնետոմս, և յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը $50 է, ապա նրա շուկայական կապիտաիզացիան կկազմի $50 միլիոն: Այս ցուցանիշն օգտագործվում է ներդրողների կողմից՝ շուկայում այլ ընկերությունների նկատմամբ ընկերության չափը և արժեքը գնահատելու համար:
Ինչո՞ւ է շուկայական կապիտալիզացիան կարևոր
Շուկայական կապիտալիզացիան օգնում է ներդրողներին
- Գնահատել ընկերության չափը՝ ընկերություններին դասակարգելով փոքր, միջին և մեծ կապիտալիզացիա ունեցող ընկերությունների, ինչը հնարավորություն է տալիս հասկանալ դրանց մասշտաբը և աճի ներուժը:
- Համեմատել նույն ոլորտում կամ ճյուղում գործող ընկերությունները:
- Գնահատել ռիսկը։ Ընդհանուր առմամբ, մեծ կապիտալիզացիայով ընկերությունները համարվում են ավելի կայուն, քան փոքր կապիտալիզացիայով ընկերությունները:
Շուկայական կապիտալիզացիայի կատեգորիաներ
- Փոքր կապիտալիզացիա՝ $2 միլիարդից ցածր
- Միջին կապիտալիզացիա՝ $2 միլիարդից մինչև $10 միլիարդ
- Մեծ կապիտալիզացիա՝ $10 միլիարդից բարձր
Շուկայական կապիտալիզացիան պատկերացում է տալիս ընկերության չափի, արժեքի և հնարավոր ռիսկի մասին՝ օգնելով ներդրողներին կայացնել տեղեկացված որոշումներ:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: