Երբևէ լսե՞լ եք «արջի շուկա» արտահայտությունը։ Առաջին հայացքից հասկանալի չէ կապը արջերի և ֆինանսական շուկաների միջև, սակայն այս տերմինը պատմականորեն եկած տերմին է, որն օգտագործվում է շուկայի վիճակը նկարագրելու համար։ Եկեք հասկանանք, թե ի՞նչ է այն նշանակում։
Ի՞նչ է «Արջի շուկան»
«Արջի շուկա»-ն (Bear Market) այն իրավիճակն է, երբ որոշ ժամանակ շուկան նվազում է, ինչը հանգեցնում է ներդրողների բացասական տրամադրությունների և տնտեսության նկատմամբ վստահության նվազման։
Ընդունված է համարել, որ «արջի շուկա»-ն սկսվում է, երբ շուկան նվազում է իր վերջին առավելագույն կետի համեմատ 20% կամ ավելի, և այդ անկումը տևում է մի քանի ամիս կամ ավելի երկար։
Սա բերում է շուկայում բաժնետոմսերի գների զգալի անկման, քանի որ ներդրողները վաճառում են իրենց ակտիվները՝ խուսափելով ավելի մեծ կորուստներից։
«Արջի շուկան» հաճախ ուղեկցվում է տնտեսական աճի տեմպի դանդաղմամբ կամ անկումով (ռեցեսիա): Բարձր գործազրկությունը, ընկերությունների շահույթների նվազումը և սպառողների կողմից ծախսերի կրճատումները նպաստում են «արջի շուկա»-ի ձևավորմանը։
Ինչու՞ «Արջ»
«Արջի շուկա» և «ցլի շուկա» եզրույթների ծագման վերաբերյալ կան տարբեր տեսություններ։ Ամենատարածված բացատրությունը կապված է այն բանի հետ, թե ինչպես են այդ կենդանիները հարձակվում.
- Արջը հարձակվում է՝ թաթը վերևից ներքև իջեցնելով, ինչը խորհրդանշում է գների անկումը։
- «Ցուլի շուկան» (Bull Market) բնութագրվում է գների աճով. ցուլը հարձակվում է՝ պոզերը ներքևից վերև բարձրացնելով։
Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։ Իսկ թե ինչպե՞ս կողմնորոշվել ֆինանսական շուկայի տատանումների ժամանակ, քննարկել ենք մեր փոդքասթի #5 էպիզոդում։
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: