«Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքի այս 12-րդ մասում կուսումնասիրենք ֆինանսական շուկաների հիմնական բաղադրիչը` արժեթղթերը:
Արժեթղթեր | Ձեր ներդրումային այգու սերմերը
Եթե պատկերացնենք Ձեր ներդրումները որպես այգի, ապա արժեթղթերը նման են սերմերի, որը դուք տնկում եք, որպեսզի դրանք աճեն և պտուղ տան (եկամուտ բերեն): Դրանք իրենցից ներկայացնում են սեփականություն կամ պարտքային պարտավորություն ընկերությունում կամ պետական կազմակերպությունում: Ինչպես տարբեր սերմերը տալիս են տարբեր պտուղներ, այնպես էլ արժեթղթերը լինում են տարբեր տեսակի և դրանցից յուրաքանչյուրն ունի յուրահատուկ հատկանիշներ և աճի ներուժ:
Արժեթղթերի տեսակները
Մեր բառարանում արդեն ուսումնասիրել ենք արժեթղթերի ամենատարածված տեսակները՝
- Բաժնետոմսեր | Այս սերմերն իրենցից ներկայացնում են ընկերության մի մասի սեփականության իրավունք: Երբ դուք բաժնետոմս եք գնում, դառնում եք բաժնետեր և իրավունք ունեք ստանալ ընկերության շահույթի մի մասը (շահաբաժիններ) և օգտվել բաժնետոմսի արժեքի հնարավոր աճից:
- Պարտատոմսեր | Երբ դուք գնում եք պարտատոմս, դուք, ըստ էության, “վարկով” փող եք տալիս ընկերությանը կամ կառավարությանը, որն էլ իր հերթին խոստանում է որոշակի ժամանակահատվածում Ձեզ այն հետ վերադարձնել՝ տոկոսներով:
- Բորսայում շրջանառվող ֆոնդեր (Exchange-Traded Funds (ETFs)) | Սրանք նման են արժեթղթերի պատրաստի փաթեթների։ ETF-երն առաջարկում են ակնթարթային դիվերսիֆիկացում և բաժնետոմսերի պես վաճառվում են ֆոնդային բորսաներում:
Կան նաև արժեթղթերի այլ տեսակներ, որոնք մենք կուսումնասիրենք ապագա հոդվածներում՝
Օպցիոններ | Օպցիոնները պայմանագրեր են, որոնք սահմանված ժամկետում ձեզ տալիս են իրավունք, բայց ոչ պարտավորություն, կանխորոշված գնով գնել կամ վաճառել որոշակի արժեթուղթ: Դրանք հաճախ օգտագործվում են հեջավորման (ռիսկերի կառավարման) կամ սպեկուլյացիաների համար: Սպեկուլյացիան դա հաշվարկված ռիսկ է՝ ակտիվի գների տատանումներից շահույթ ստանալու ակնկալիքով (գնել, երբ այն էժան է և վաճառել, երբ գինը բարձրանա):
Ֆյուչերսներ | Ֆյուչերսները ապագա ամսաթվով և կանխորոշված գնով որոշակի ակտիվ (օրինակ՝ ապրանքներ, արժույթներ) գնելու կամ վաճառելու պայմանագրեր են: Դրանք հիմնականում օգտագործվում են հեջավորման և սպեկուլյացիայի համար:
Ածանցյալ գործիքներ | Սրանք ֆինանսական գործիքներ են, որոնց արժեքի հիմքում ընկած է ակտիվ, օրինակ՝ բաժնետոմս, պարտատոմս, ապրանք կամ արժույթ: Օպցիոնները և ֆյուչերսները ածանցյալ գործիքների օրինակներ են:
Արժեթղթերի ընդհանուր բնութագրերը
Չնայած, որ արժեթղթերը լինում են տարբեր տեսակի, արժեթղթերն ունեն մի քանի ընդհանուր բնութագիր
- Առքուվաճառք | Բաժնետոմսերի մեծ մասը նախատեսված է բորսաներում առևտրի համար, իսկ պարտատոմսերի առևտուրն ավելի շատ տեղի է ունենում արտաբորսայական շուկաներում: Բորսաներում առևտուրը թույլ է տալիս ներդրողներին հեշտությամբ գնել և վաճառել բաժնետոմսեր:
- Կարգավորում | Արժեթղթերը ենթակա են տարբեր կարգավորումների, որոնք նախատեսված են ներդրողներին պաշտպանելու և արդար ու կանոնավոր շուկաներ ապահովելու համար: Այս կարգավորումները կարող են տարբեր լինել՝ կախված արժեթղթի տեսակից և իրավասությունից:
- Ռիսկ և եկամտաբերություն | Բոլոր արժեթղթերը կրում են որոշակի մակարդակի ռիսկ, և դրանց հնարավոր եկամտաբերությունը համապատասխանաբար տարբերվում է: Ընդհանրապես, ավելի բարձր ռիսկային արժեթղթերն առաջարկում են ավելի բարձր եկամտաբերության ներուժ, մինչդեռ ավելի ցածր ռիսկային արժեթղթերն առաջարկում են ավելի կայունություն, բայց ավելի ցածր պոտենցիալ եկամտաբերություն:
- Եզակի նույնականացում | Յուրաքանչյուր արժեթուղթ ունի եզակի նույնականացման կոդ, ինչպես օրինակ՝ ISIN-ը (Արժեթղթերի նույնականացման միջազգային համարը):
- Թիքեր (Ticker) | Ֆոնդային բորսաներում ցուցակված արժեթղթերի մեծամասնությունն ունի կարճ հապավում կամ թիքեր՝ դրան հեշտությամբ հղում կատարելու և առևտրի համար: Օրինակ, Apple-ի բաժնետոմսերի թիքերն է AAPL:
Արժեթղթերը հանդես են գալիս որպես ֆինանսական շուկաների շարժիչ ուժ՝ նպաստելով տնտեսական աճին և ներդրումային հնարավորություններին: Նրանք թույլ են տալիս ընկերություններին և կառավարություններին ներգրավել կապիտալ տարբեր նպատակներով, օրինակ՝ նոր նախագծերի ֆինանսավորում, ընդլայնում կամ պարտքերի մարում: Ներդրողների համար արժեթղթերը հնարավորություն են տալիս մեծացնել իրենց հարստությունը կապիտալի արժեքի բարձրացման և եկամուտ ստեղծելու միջոցով:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: