Շարունակում ենք ուսումնասիրել ֆինանսական աշխարհը։ Հաճախ խոսում ենք ներդրումների միջոցով Ձեր հարստության աճի հնարավորության: Բայց ինչպե՞ս է իրականում տեղի ունենում այդ աճը: Այսօր մենք կանդրադառնանք ամենատարածված ձևերից մեկին՝ շահաբաժիններ (դիվիդենդներ)։
«Պտուղների» ստացում
Հիշու՞մ եք մեր նախորդ հրապարակումներում այգու անալոգիան: Եթե արժեթղթերը Ձեր տնկած սերմերն են, ապա շահաբաժինները դրանցից ստացված պտուղներն են: Շահաբաժինը ընկերության շահույթի մի մասն է, որը վճարվում է բաժնետերերին: Դրանք կապիտալ (գումար) տրամադրելու դիմաց Ձեր ներդրումներից ստացված եկամուտ են:
Ինչպե՞ս են աշխատում շահաբաժինները
Երբ ընկերությունը շահույթ է ստանում, այն ունի մի քանի տարբերակ՝ վերաներդնել եկամուտը բիզնեսում, պահել կանխիկ կամ դրա մի մասը բաշխել բաժնետերերին՝ շահաբաժինների տեսքով: Շահաբաժիններ վճարող ընկերությունները սովորաբար դա անում են պարբերաբար, օրինակ՝ եռամսյակային կամ տարեկան:
Շահաբաժինների տեսակները
- Գումարի տեսքով շահաբաժիններ | Ամենատարածված տեսակն է, որը վճարվում է բաժնետերերին:
- Բաժնետոմսերի տեսքով շահաբաժիններ | Գումարի փոխարեն բաժնետերերը ստանում են ընկերության լրացուցիչ բաժնետոմսեր:
- Հատուկ շահաբաժիններ | Միանվագ վճարումներ, որոնք տրվում են պարբերական դիվիդենդների ժամանակացույցից դուրս, հաճախ՝ բացառիկ շահույթի կամ իրադարձություններով պայմանավորված:
Ինչո՞ւ են շահաբաժինները կարևոր
- Եկամտի աղբյուր | Շահաբաժինները ներդրողների համար ապահովում են եկամտի հոսք, ինչը կարող է հատկապես գրավիչ լինել պասիվ եկամուտ փնտրողների կամ թոշակառուների համար:
- Ներդրումների աճ | Շահաբաժինները կարող են վերաներդրվել՝ ավելի շատ բաժնետոմսեր գնելու համար, ինչը ժամանակի ընթացքում նպաստում է Ձեր ներդրումների ավելի մեծ աճի։ Սա թույլ է տալիս բարդ տոկոսի շնորհիվ մեծացնել Ձեր եկամուտը և ժամանակի հետ կուտակել հարստություն։ Իմացեք ավելին բարդ տոկոսի մասին՝ կարդալով մեր բլոգի համապատասխան գրառումը։
Շահաբաժիններ վճարող բաժնետոմսերի որոնում
Ոչ բոլոր ընկերություններն են վճարում շահաբաժիններ: Շահաբաժիններ վճարող ներդրումներ փնտրելիս ուշադրություն դարձրեք այն ընկերություններին, որոնք ունեն շահաբաժինների վճարման պատմություն: Apricot Capital հավելվածը, ֆինանսական նորությունների կայքերը, բրոքերային հարթակները և ընկերության կայքի ներդրողների համար էջերը հաճախ տրամադրում են շահաբաժինների պատմության և վճարման ժամանակացույցի մասին տեղեկատվություն:
Չնայած շահաբաժինները կարող են արժեքավոր բաղադրիչ լինել ներդրումային ռազմավարության մեջ, կարևոր է հիշել, որ դրանք երաշխավորված չեն: Ընկերությունները կարող են կրճատել կամ դադարեցնել շահաբաժինների վճարումները, եթե ֆինանսական դժվարությունների են հանդիպում:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: