fbpx

Մաս 4. Exchange-Traded Funds (ETFs)

Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնել ոլորտի տերմինները: Շարքը սկսում ենք բազային բառապաշարից և ժամանակի հետ սահուն անցում կկատարենք դեպի ավելի բարդ տերմինաբանության:

Մաս 1․ Ներդրումներ, Ռիսկեր, Դիվերսիֆիկացում-ում ներդրումները համեմատեցինք ծիրանի ծառ տնկելու հետ։ Մաս 2: Բաժնետոմսեր -ում և Մաս 3: Պարտատոմսեր-ում սկսեցինք ուսումնասիրել «սերմերը» (ներդրումային գործիքների տեսակներ), որոնք կարող եք տնկել ձեր ֆինանսական այգում: Հիմա եկեք ծանոթանանք Exchange-Traded Funds (ETFs)-երի հետ:

Exchange-Traded Funds (ETFs)

Ձեր այգու համար սերմերն ինքնուրույն ընտրելը և այնուհետև կանոնավոր կերպով այգին խնամելը պահանջում է ժամանակ, այգեգործության գիտելիքներ ( ներդրումների, ֆոնդային շուկաների մասին գիտելիքներ) և աշխատանք (օրինակ՝ բաժնետոմսերի կատարողականի հետազոտություն, շուկայի հետազոտություն և այլն):

Պատկերացնենք, որ բավարար ժամանակ կամ գիտելիքներ չունեք սերմերի Ձեր սեփական միքսը ստեղծելու համար և չեք ցանկանում ակտիվորեն կառավարել Ձեր այգին, բայց միևնույն ժամանակ ցանկանում եք պտուղներ ստանալ (օրինակ՝ շահաբաժիններ-դիվիդենտ, կապիտալի հավելաճ): Այս դեպքում դուք կարող եք ընտրել սերմերի պատրաստի փաթեթներ՝ Exchange-Traded Funds (ETFs), որոնք կազմված են տարբեր սերմերից: Այս փաթեթները կառավարվում են մասնագետների կողմից, ովքեր ունեն այգիների կառավարման գիտելիքներ և փորձ, և դրա համար նրանք գանձում են փոքր վճարների:

Որոշ ETF-ներ կազմված են միևնույն մրգի տարբեր տեսակների սերմերից. ETF-ներ, որոնք ներդրումներ են կատարում նույն արդյունաբերության բաժնետոմսերում, ինչպես օրինակ XLB*-ն (քիմիական նյութերի, շինանյութերի, մետաղների և հանքարդյունաբերության ոլորտների ընկերությունների բաժնետոմսեր), XLU*-ն (էլեկտրականություն կամ բնական գազ արտադրող, փոխանցող, տեղաբաշխող ընկերությունների բաժնետոմսեր), XLF*-ը (ապահովագրական ընկերությունների, բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր): Մյուսները կազմված են տարբեր մրգերի և նույնիսկ բանջարեղենի սերմերից. տարբեր բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ այլ ակտիվների խառնուրդ, օրինակ SPY*-ն ու VOO*-ն (S&P 500 ինդեքսում ներառված բաժնետոմսեր), Invesco QQQ* (Nasdaq 100 ինդեքսում ներառված բաժնետոմսեր) և այն: 

Ինքնուրույն սերմեր հավաքելու փոխարեն փաթեթ գնելով՝ մարդիկ ազատում են իրենց առանձին սերմերը մանրամասն ուսումնասիրելու, դրանց արդյունքներին հետևելու անհրաժեշտ աշխատանքից, քանի որ փոքր վճարների դիմաց դրա մասին հոգ են տանում մասնագետները՝ թեթևացնելով այգին խնամելու գործը։ ETF-ներն առաջարկում են նաև ակնթարթային դիվերսիֆիկացում (տարածելով ձեր ներդրումները ակտիվների տարբեր դասերի, ոլորտների, ընկերությունների և այլնի միջև՝ նվազեցնելով ռիսկը):

Աշխարհի ամենահայտնի այգեպաններից (ներդրողներից) Ուորեն Բաֆեթը բազմիցս նշել է, որ ինդեքսային ֆոնդերը հիանալի միջոց են ոչ մասնագետների համար այգեգործություն (ներդրումներ) սկսելու համար:

Պատկերացրեք, որ  գնում եք պատրաստի փաթեթ ու միանգամից ստանում տարբեր սերմեր, որոնք կառավարվում են մասնագետների կողմից, ովքեր դրա համար գանձում են փոքր վճար:

Ռիսկ. կախված ETF-ի հիմքում ընկած ակտիվներից (ինչում է տվյալ ETF-ը ներդրում կատարում):

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Կհանդիպենք 5-րդ մասում, որտեղ կուսումնասիրենք ներդրումային այլ տերմիններ։ Եվ հիշեք, որ գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաարժեքավոր որոշումներից մեկն է, որ կարող եք կայացնել:

 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: 

Վերջին թարմացումը՝ 21.03.2024 14:10