Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքը և այս անգամ խոսելու ենք տատանողականության մասին, որը կարող է ներդրողների համար և՛ վախի, և՛ հնարավորությունների աղբյուր լինել:
Տատանողականություն | Ձեր ներդրումային այգու եղանակը
Տատանողականությունը նկարագրում է շուկայի կամ արժեթղթի գների անկանխատեսելի, երբեմն էլ կտրուկ շարժումների ժամանակաշրջանները: Այն ժամանակի ընթացքում ներդրման ակտիվի գնի փոփոխության աստիճանն է: Պատկերացրեք, որ խոսքը եղանակի մասին է, որը կարող է ազդել Ձեր ներդրումային այգու աճի վրա։ Որոշ օրեր արևոտ և հանգիստ են (կայուն աճ), իսկ մյուսները բերում են փոթորիկներ և քամու պոռթկում (գների տատանումներ): Ինչպես եղանակը, այնպես էլ տատանողականությունը ներդրումային աշխարհի բնական մասն է:
Ինչո՞ւ է այն կարևոր
- Ռիսկ և պարգև | Տատանողականությունը հաճախ կապված է ռիսկի հետ: Ընդհանուր առմամբ, ավելի մեծ պոտենցիալ եկամտաբերությամբ ներդրումների տատանողականությունը նույնպես ավելի մեծ է:
- Զգացմունքային ազդեցություն | Ձեր ներդրումների արժեքի տատանումներին հետևելը կարող է նյարդայնացնել: Տատանողականությունը կարող է հանգեցնել վախի և իմպուլսիվ որոշումների, բայց հիշեք, որ կարևոր է կենտրոնանալ երկարաժամկետ հեռանկարի վրա:
- Հնարավորություն | Խելամիտ ներդրողները կարող են օգտագործել տատանողականությունը ի շահ իրենց՝ գնելով անկումների ժամանակ և վաճառելով, երբ ակտիվի գինը բարձր է։
Լավագույն պրակտիկան
Դիվերսիֆիկացում | Ձեր պորտֆելի դիվերսիֆիկացումը կարող է օգնել մեղմել տատանողականության ազդեցությունը:
Երկարաժամկետ հեռանկար | Կենտրոնացեք երկարաժամկետ նպատակների վրա և խուճապի մի մատնվեք կարճաժամկետ տատանումների պատճառով:
Ռիսկի հանդուրժողականություն | Հասկացեք ռիսկ ստանձնելու Ձեր ունակությունն ու հանդուրժողականության մակարդակը և ընտրեք ներդրումներ, որոնք համապատասխանում են դրանց:
Հիշեք, որ տատանողականությունը ներդրումների բնական մասն է: Հասկանալով այն և երկարաժամկետ հեռանկար ունենալով՝ դուք կարող եք դիմակայել փոթորիկներին և քաղել ձեր ներդրումային այգու պտուղները:
Կհանդիպենք 10-րդ մասում, որտեղ կշարունակենք ուսումնասիրել ներդրումների աշխարհը:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: