Փորձեք ներդրումները առանց ռիսկի՝ Apricot Capital-ի դեմո հաշվի միջոցով
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով, բայց դեռ պատրա՞ստ չեք ներդնել Ձեր գումարը։ Մեր 14-օրյա անվճար դեմո հաշվի միջոցով կարող եք առանց ռիսկի ուսումնասիրել ներդրումների աշխարհը։
Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնել ոլորտի տերմինները: Շարքը սկսում ենք բազային բառապաշարից և ժամանակի հետ սահուն անցում կկատարենք դեպի ավելի բարդ տերմինաբանության:
Մաս 1․ Ներդրումներ, Ռիսկեր, Դիվերսիֆիկացում-ում ներդրումները համեմատեցինք ծիրանի ծառ տնկելու հետ։ Մաս 2. Բաժնետոմսեր-ում սկսեցինք ուսումնասիրել «սերմերը» (ներդրումային գործիքների տեսակներ), որոնք կարող եք տնկել ձեր ֆինանսական այգում: Հիմա եկեք ծանոթանանք մեկ այլ տեսակի՝ պարտատոմսերի հետ:
Պարտատոմսեր
Պատկերացրեք, որ մի երևակայական երկիր՝ Էփրիքոթլենդը, ցանկանում է իր քաղաքացիների համար այգի կառուցել, բայց դա անելու համար գումարի կարիք ունի։ Էփրիքոթլենդը կարող է այդ նպատակով թողարկել պարտատոմս. գումարը որոշակի ժամկետում տոկոսներով վերադարձնելու խոստում:
Ենթադրենք, երևակայական երկիրը որոշում է թողարկել 3 տարի ժամկետով (մարման ժամկետ) և 9% արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմս։ Այս պարտատոմսերը գնելով ստացվում է, որ պարտքով գումար եք տալիս Էփրիքոթլենդին: Այս 3 տարիների ընթացքում դուք կստանաք տարեկան 9% եկամտաբերություն (կուպոն)՝ կիսամյակային կամ եռամսյակային վճարման պարբերականությամբ: Մարման ժամկետի ավարտին (մեր դեպքում 3 տարին) Էփրիքոթլենդը Ձեզ հետ կվճարի նաև փոխառված գումարը:
Եթե Ձեզ անհրաժեշտ լինի վաճառեք դրանք մինչև դրանց մարման ժամկետի ավարտը, դուք կարող եք դրանք վաճառել արժեթղթերի շուկայում:
Երևակայական երկիրը ստանում է գեղեցիկ նոր այգի, իսկ ներդրողները ստանում են եկամուտներ: Երկու կողմն էլ շահում են։
Պարտատոմսերը կարող են թողարկվել նաև ընկերությունների կողմից, ինչի դեպքում դրանք կկոչվեն կորպորատիվ պարտատոմսեր:
— Պատկերացրեք, որ վարկ եք տալիս ընկերություններին կամ պետությանը, ինչպես օրինակ Հայաստանի պետական պարտատոմսերի դեպքում*: Տալիս եք գումար որոշակի ժամկետով (մարման ժամկետ), և նրանք Ձեզ դրա դիմաց վճարում են տոկոսներ (կուպոն): Երբ մարման ժամկետը գալիս է, դուք հետ եք ստանում ձեր նախնական ներդրումը (հիմնական գումարը):
— Ռիսկ՝ պարտատոմսերը սովորաբար համարվում են ավելի ցածր ռիսկային, քան բաժնետոմսերը, բայց սպասվող եկամուտները նույնպես ավելի ցածր են:
Սա ներդրումային «սերմերի» (գործիքների) ամենատարածված տեսակներից ևս մեկն էր: Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Կհանդիպենք 4-րդ մասում, որտեղ կուսումնասիրենք ներդրումային գործիքների այլ տեսակներ։ Եվ հիշեք, որ գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաարժեքավոր որոշումներից մեկն է, որ կարող եք կայացնել:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:
Վերջին թարմացումը՝ 27.05.2024 14:42