Apricot Capital-ի աջակցությամբ թարգմանված «Փողի հոգեբանությունը» գիրքը՝ Հայաստանի հուլիսյան բեսթսելլեր

Ֆինանսական գրականության հանդեպ հետաքրքրությունն աճում է։ Այս մասին է վկայում այն փաստը, որ Մորգան Հաուզելի «Փողի հոգեբանությունը» գիրքը 2025 թվականի հուլիս ամսվա արդյունքներով ճանաչվել է Հայաստանում ամենաշատ վաճառված գրքերից մեկը։

Գրքի հայերեն թարգմանությունը, որը լույս է տեսել 2025 թվականի մայիսին, իրականություն է դարձել Newmag հրատարակչության և Apricot Capital ներդրումային ընկերության համագործակցության շնորհիվ, որը նախաձեռնել և ֆինանսավորել է թարգմանությունը։

«Ուրախությամբ տեղեկացանք, որ գիրքն այսքան մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ ընթերցասերների շրջանում։ Մեր ընկերությունը գրքի թարգմանությունը նախաձեռնել էր որպես Հայաստանում ֆինանսական գրագիտության և պատասխանատու ներդրումային մշակույթի զարգացմանն ուղղված մեր ջանքերի մի մաս։ Գրքի բեսթսելլեր դառնալը փաստում է, որ մեր հայրենակիցների շրջանում կա իրական ձգտում և հետաքրքրություն ներդրումների և ֆինանսների կառավարման նկատմամբ», — ասել է Apricot Capital-ի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ ընկերությունը կշարունակի զարգացնել ֆինանսական ներդրումների հնարավորությունները Հայաստանում՝ ինչպես կրթական նյութեր տարածելու, այնպես էլ ընդամենը 1$-ից սկսվող միջնորդավճարով ֆինանսական շուկաներ մուտքի հնարավորություն տրամադրելու միջոցով։

Հաուզելի գիրքը, որը թարգմանվել է տասնյակ լեզուներով, տեսական ֆինանսական գիրք չէ։ Այն մատչելի, պարզ լեզվով և իրական կյանքից պատմությունների միջոցով բացատրում է ֆինանսների և փողի հետ կապված կարևոր հասկացություններ, ինչպիսիք են բարդ տոկոսը, խնայելու սովորությունները և հարստության կուտակումը։

«Այս գիրքը հրատարակելու նպատակը ոչ միայն արդի ու հետաքրքիր նյութ ներկայացնելն էր, այլև ֆինանսների մասին մտածելու մշակույթ ձևավորելը։ Մորգան Հաուզելի աշխատանքը արժեքավոր է նրանով, որ այն հստակ ու մատչելի լեզվով է բացատրում բարդ ֆինանսական գաղափարները՝ մոտեցնելով դրանք ընթերցողին։ Մենք համոզված ենք, որ նման գրքերով հնարավոր է փոխել վերաբերմունքը ոչ միայն փողի, այլև ապագայի նկատմամբ» — ասել է Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր։

Վերջին թարմացումը՝ 06.08.2025 16:40