fbpx

Վարդան Ամարյան. Apricot Capital-ը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կետերից պորտֆելային ներդրումներ կատարել Հայաստանում

Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը Banks.am-ի հետ զրուցել է ընկերության ստեղծման պատմության, Հայաստանում ներդրումային մշակույթի, ինչպես նաև թվային տրանսֆորմացիաների դարաշրջանում բիզնեսի զարգացման հեռանկարների մասին։

– Կպատմե՞ք Apricot Capital ընկերության ստեղծման մասին։

– Apricot Capital-ը հիմնադրվել է 2022 թվականին, մեր ներդրումային ընկերությունը նպատակ ունի ընդլայնվել ու գործունեություն ծավալել տարբեր երկրներում։

Apricot Capital-ը մատուցում է բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման և խորհրդատվական էքսկլյուզիվ ծառայություններ։ Այս կարճ ժամանակահատվածում մենք համախմբել ենք ֆինանսական ոլորտում մեծ փորձ և արժեքավոր գիտելիքներ ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք մեր անհատ և ինստիտուցիոնալ հաճախորդներին տրամադրում են համալիր ծառայությունների լայն շրջանակ։ Մեր մրցակցային առավելություններից մեկը, որ կցանկանայի նշել, նորարարական մոտեցումներն ու լուծումներն են, որ առաջարկում ենք մեր հաճախորդներին։

Այս պահին էլ արդեն հաճախորդներ ունենք ինչպես աշխարհի տարբեր կետերից, այնպես էլ Հայաստանից։ Ունենք ավելի քան 35 կոնտրագենտ (պայմանագիր կնքող կողմ), և այդ թիվը շարունակաբար աճում է։

Իհարկե, դժվար է ասել, որ արժեթղթերի շուկան և ներդրումային գործուենության մշակույթը Հայաստանում զարգացած կամ շատ տարածված են։ Եվ դրա հիմնական պատճառը ոլորտի մասին ոչ լիարժեք տեղեկացված լինելն է։ Մեր երկրում ոչ բոլորն են տեղյակ, որ գոյություն ունեն նման ծառայություններ, կամ, եթե նույնիսկ գիտեն, ապա թերի են տեղեկացված։ Եվ դա գիտակցելով՝ Apricot Capital-ը նաև ստանձնել է այդ նախաձեռնողականությունը, և հուսով եմ, որ տարբեր հետաքրքիր նախագծերի, դասընթացների ու ծրագրերի միջոցով կկարողանանք լրացնել այդ բացը։ Իմ փորձից էլ կարող եմ ասել, որ հաջողության տանող ճանապարհը երբեք էլ հարթ չի լինում, բայց եթե ունես հստակ տեսլական ու ամեն հնարավոր բան անում ես այն իրագործելու համար, արդյունքը, անկասկած, տեսնում ես։

Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը Banks.am-ի հետ զրուցել է ընկերության ստեղծման պատմության, Հայաստանում ներդրումային մշակույթի, ինչպես նաև թվային տրանսֆորմացիաների դարաշրջանում բիզնեսի զարգացման հեռանկարների մասին։

– Խոսեցիք նորարարական մոտեցումներին մասին, որոնք կիրառում եք բիզնեսում։ Կպատմե՞ք նոր բջջային հավելվածի մասին, որքանո՞վ է այն հեշտ կիրառության տեսանկյունից:

– Apricot Capital-ն աշխարհում բիզնես ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին համընթաց է քայլում։ Երբ նոր էինք սկսում մեր գործունեությունը, բոլոր գործարքներն անում էինք դեմ առ դեմ հանդիպումներով կամ հեռախոսազանգերով։ Այժմ արդեն ամբողջ գործընթացը դարձել է թվային։ Այժմ թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի ցանկացած կետում գտնվող մեր հաճախորդները կարող են իրենց բջջային հեռախոսով, մեր հավելվածի միջոցով ներդրում կատարել ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում և Հայաստանի տնտեսության մեջ։

Բոլոր խոշոր ներդրումային ընկերություններն աստիճանաբար մուտք են գործում թվայնացման, թվային փոխակերպման ոլորտ, և մենք ևս բացառություն չենք։ Մեր բջջային հավելվածի միջոցով Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մեր յուրաքանչյուր հաճախորդ կարող է անմիջապես բջջային հեռախոսով իրական ժամանակի ռեժիմում ներդրումներ իրականացնել միջազգային հեղինակավոր ընկերությունների բաժնետոմսերում և այլ ֆինանսական գործիքներում, հետևել դրանց բորսայական գնանշումներին և արդյունավետորեն կառավարել սեփական արժեթղթերի պորտֆելը: Կիրառության տեսանկյունից այն շատ հարմար է, արագ և մատչելի։ Աշխարհը գնում է թվայնացման ուղիով՝ բոլորիս կյանքն էլ ավելի դյուրին դարձնելու նպատակով։

Apricot Capital-ը՝ որպես ներդրումային ընկերություն լրջագույն ուշադրություն է դարձնում անվտանգության հարցերին։ Մեր սերվերները գտնվում են Հայաստանում և ամբողջությամբ համապատասխանում են IT անվտանգության միջազգային ստանդարտներին։ Ներդրված են հաճախորդների նույնականացման և ներքին դիտարկումների համապատասխան համակարգեր։

– Կպատմե՞ք Ձեր մասին։ Մասնագիտական ի՞նչ ուղի եք անցել։

– Իմ աշխատանքային գործունեության վերջին 20 տարիները սերտորեն առնչվում են ներդրումային ոլորտի հետ։ Մինչև սեփական ընկերություն հիմնելը երկար ժամանակ արտասահմանյան բանկային համակարգերում եմ աշխատել։ 2010-ին սեփական ներդրումային հեջ ֆոնդը ստեղծեցի, որը երկար տարիներ իրականացրել է ներդրումներ միջազգային արժեթղթերի շուկաներում, գլխավորապես ամերիկյան և եվրոպական ընկերությունների բաժնետոմսերում։ Բիզնես զարգացմանը զուգընթաց՝ ի վերջո որոշում կայացվեց մատուցել ծառայությունների ավելի լայն շրջանակ, ինչի արդյունքում ստեղծվեց Apricot Capital ներդրումային ընկերությունը։

– Դուք Հայաստանում առաջին անգամ անցկացվող Doing Digital Forum-ի աջակիցն էիք: Որքանո՞վ է կարևոր նման հարթակների ստեղծումը:

– Թվային փոխակերպումը, արհեստական բանականությունն ու նորագույն տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են ստեղծում ներդրումային ոլորտի համար ու էականորեն դրական ազդեցություն են թողնում վերջինիս զարգացման վրա։ Մարդիկ ուզում են ապրել խնայելով ժամանակն ու ռեսուրսները, ձգտում են այն ամենին, ինչն արագ է, հեշտ և հասանելի։ Հետևաբար, ժամանակի արագ ռիթմին ու խելահեղ փոփոխություններին զուգահեռ շարժվելով միայն, այսօր կարելի է հասնել հաջողության։

Եվ կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է զարգանա բիզնեսի թվայնացման ճանապարհով, որպեսզի նոր աշխարհի մարտահրավերներին համընթաց քայլի։ Իսկ Doing Digital Forum-ը հենց այն հարթակն է, որը համախմբեց ոլորտի լավագույն փորձագետներին ու մասնագետներին, որոնք կիսվեցին իրենց փորձով ու տեսլականով։

Վստահ եմ, որ Doing Digital Forum-ի շրջանակում ոչ ֆորմալ շփումների մակարդակում նոր կապեր հաստատվեցին էկոհամակարգի տարբեր ներկայացուցիչների ու ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Ընդհանրապես, նմանօրինակ շփման ժամանակ հնարավոր է գեներացնել լավ գաղափարներ ու հետագայում դրանք կյանքի կոչել։

Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանում Doing Digital Forum-ի իրականացումը շատ լավ գաղափար էր։ Որքան շատ եմ հաղորդակցվում մարդկանց հետ, այնքան համոզվում եմ, որ նման հարթակների ստեղծումը և դրանցում տարբեր մասնագետների ներգրավումը դրական որակական ազդեցություն թողնելու մեծ հեռանկար ունի։ Նմանատիպ միջոցառումները ոչ միայն բիզնես ոլորտին, այլև, ըստ էության, ամբողջ հասարակությանը մեծ օգուտ կտան։

Հասարակության լայն շերտերի համար սա նույնպես շատ լավ հնարավորություն էր զարգանալու, ժամանակին զուգահեռ առաջ շարժվելու և ժամանակակից թրենդներին ծանոթանալու։ Արդյունքում՝ աստիճանաբար կձևավորվի հատուկ մշակույթ, ու թվայնացումը 5, 10 կամ թեկուզև 15 տարի հետո էապես կմտնի մեր կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ այդկերպ ավելի հեշտացնելով և ավելի բարեկեցիկ դարձնելով մեր կյանքը։

Վերջին թարմացումը՝ 03.01.2024 15:47