fbpx

Apricot Capital-ը եւ Երեւանի պետական համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել

Apricot Capital-ը եւ Երեւանի պետական համալսարանը համագործակցության հուշագիր են կնքել։

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Apricot Capital ընկերության հիմնադիր Վարդան Ամարյանը, ընկերության գործադիր տնօրեն Վաչիկ Գեւորգյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, մարքեթինգի բաժնի վարիչ, ծառայությունների առեւտրայնացման պատասխանատու Ազնիվ Գրիգորյանը:

Գլխավոր նկար 1

ԵՊՀ-Apricot Capital համագործակցության նպատակն է համատեղ ջանքերով, փորձով եւ ռեսուրսներով նպաստել կրթական ու գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացմանը, համագործակցել տարբեր ուղղություններով՝ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում, ԵՊՀ ուսանողների համար դասընթացների, ուսումնաարտադրական պրակտիկաների կազմակերպում, դրամաշնորհների տրամադրում (հատկապես Արցախից բռնի տեղահանված ուսանողներին) կրթական ու հետազոտական ծրագրերի համատեղ մշակում եւ իրականացում, գիտաժողովների, գիտական սեմինարների, կլոր սեղան-քննարկումների կազմակերպում, սոցիալական ծրագրերի իրագործում եւ այլն։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարեւորելով այսօրվա դինամիկ զարգացող աշխարհում բուհ-մասնավոր ընկերություն համագործակցությունը, նշել է, որ այն պարզապես գործընկերություն չէ, այլ՝ գերազանցությանը, նորարարությանը եւ որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու համատեղ հանձնառություն.

«Այսպիսի համագործակցություններն օգնում են համադրել ակադեմիական տեսությունները, գործնական հմտություններն ու աշխատաշուկայի պահանջները, հնարավորություն տալիս համատեղ հետազոտությունների միջոցով ապահովել զարգացում եւ առաջընթաց, ինչպես նաեւ ստեղծել սովորելու եւ աշխատելու համար ոգեշնչող միջավայր»։

Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը կարեւորել է կրթության ոլորտում նման համագործակցությունների դերը:

«Մեր անցած ճանապարհն ու կուտակած փորձը փաստում են, որ կրթությունն է ամենակարեւորն ու առանցքայինը՝ պահանջված մասնագետ դառնալու եւ անընդհատ հաջողություններ գրանցելու գործում։ Երբ Հայաստանում հիմնում էինք Apricot Capital ներդրումային ընկերությունը, զգում էինք ոլորտում մասնագիտացած եւ փորձառու կադրերի բացը։ Այդ պատճառով էլ նմանատիպ համագործակցությունները մեզ համար շատ կարեւոր են. մենք կարողանում ենք հայ ուսանողներին եւ երիտասարդներին հասանելի դարձնել միջազգային ֆինանսական ոլորտի փորձը, որը մենք կուտակել ենք երկար տարիների աշխատանքի շնորհիվ եւ մեր ընկերության թիմը համալրել նոր, գիտակ կադրերով»,-նշել է Վարդան Ամարյանը եւ ավելացրել, որ հուշագիրը հնարավոր երկարատեւ համագործակցության սկիզբն է միայն, բուհ-մասնավոր հատված փոխգործակցությամբ տարաբնույթ նախագծեր կիրականացվեն։

Կողմերը փաստել են, որ համագործակցության արդյունքները կլինեն առարկայական եւ տեսանելի կարճ ժամկետներում։

Վերջին թարմացումը՝ 26.12.2023 14:00