Մաս 25․ Ածանցյալ ֆինանսական գործիքներ

Ֆինանսական շուկան ուսումնասիրելիս հավանաբար հանդիպած կլինեք «ածանցյալ գործիքներ» արտահայտությանը։ Այս տերմինը կարող է բարդ թվալ, բայց իրականում ածանցյալ գործիքները պարզապես որոշակի պայմաններով ֆինանսական պայմանագրեր են։ Այս գրառման մեջ կքննարկենք, թե ինչ են ածանցյալ գործիքները և ինչպես են դրանք աշխատում։

Ի՞նչ է ածանցյալ ֆինանսական գործիքը

Ածանցյալ ֆինանսական գործիքը պայմանագիր է, որի արժեքը կախված է որևէ այլ ակտիվի գնից։ Պայմանագրի հիմքում ընկած ակտիվը կարող է լինել բաժնետոմս, պարտատոմս, ապրանքահումքային ակտիվ (օրինակ՝ ոսկի կամ նավթ), արժույթ, կամ նույնիսկ շուկայական ինդեքս (օրինակ՝ S&P 500):

Կարևոր է հասկանալ, որ ներդրողը չի դառնում հենց այդ ակտիվի սեփականատերը։ Նա պարզապես ունի պայմանագիր, որը տալիս է իրավունք կամ պարտավորություն ապագայում այդ ակտիվը գնել կամ վաճառել որոշակի գնով։

Պարզ ասած՝ ածանցյալ գործիքը ապագա գործարքի մասին պայմանավորվածություն է։

Ածանցյալ գործիքները բարդ և ռիսկային են։ Դրանք սովորաբար հարմար են փորձառու ներդրողների համար։ Բայց դրանք հասկանալը կարևոր է՝ ներդրումներն ու ֆինանսական շուկաները հասկանալու համար։

Ի՞նչ նպատակով են օգտագործվում ածանցյալ գործիքները և դրանց տեսակները

Ածանցյալ գործիքները հիմնականում կիրառվում են երկու նպատակով

  • Ռիսկի կառավարում (հեջավորում) | Սա ածանցյալ գործիքների ամենատարածված կիրառումն է, երբ ներդրողները ապահովագրում են իրենց հնարավոր կորուստներից։
  • Շահույթ գնի տատանումից | Ներդրողը կարող է փորձել կանխատեսել գների շարժը և փորձել շահույթ ստանալ դրանից՝ առանց ֆիզիկապես ակտիվը գնելու։

Դիտարկենք օրինակներն ըստ ածանցյալ գործիքների տեսակների

Ֆորվարդներ և ֆյուչերսներ

Սրանք պայմանագրեր են, որոնցով կողմերը պարտավորվում են ապագայում որոշակի պահին նախապես սահմանված գնով գնել կամ վաճառել պայմանագրում սահմանված ակտիվը։ Ֆյուչերսների առևտուրը կատարվում է բորսայում, և դրանք ունեն ստանդարտ պայմաններ, իսկ ֆորվարդները երկու կողմերի միջև անհատական պայմանավորվածություններ են։

Օրինակ՝ նավթ ներմուծող ընկերությունը ցանկանում է պաշտպանվել գների հնարավոր աճից։ Այն գնում է նավթի ֆյուչերսային պայմանագիր, որ ֆիքսում է որոշակի գին մեկ տոննա նավթը գնելու համար, բայց մատակարարումը կկատարվի 3 ամիս անց։ Եթե այդ ընթացքում շուկայական գինը բարձրանա, ընկերությունը կկարողանա գնել նավթը նախապես ամրագրված գնով։

 

Օպցիոններ

Սրանք պայմանագրեր են, որոնք ներդրողներին տալիս են ակտիվը որոշակի գնով գնելու կամ վաճառելու իրավունք, բայց ոչ պարտավորություն։

Օրինակ՝ ներդրողը կարծում է, որ «ABC» ընկերության բաժնետոմսերի գինը կբարձրանա։ Նա 10$-ով գնում է օպցիոն, որը նրան տալիս է իրավունք այդ ընկերության մեկ բաժնետոմսը գնել 100$-ով։ Եթե շուկայում գինը բարձրանա մինչև 120$, նա կարող է գնել բաժնետոմսերը 100$-ով և անմիջապես վաճառել 120$-ով՝ ստանալով շահույթ։ Եթե գինը չբարձրանա և մնա 100$-ից ցածր, ներդրողը պարզապես չի օգտվի օպցիոնից և նրա կորուստը կսահմանափակվի միայն այդ 10$-ով՝ այն գումարով, որը նա վճարել էր օպցիոնի համար։

 

Սվոփներ

Սրանք պայմանագրեր են, որոնցով երկու կողմերը փոխանակում են դրամական հոսքերը։

Ամենատարածվածը տոկոսադրույքի սվոփն է, երբ կողմերից մեկը վճարում է ֆիքսված տոկոսադրույք, իսկ մյուսը՝ փոփոխական։

Օրինակ՝ ընկերությունը վերցրել է վարկ փոփոխական տոկոսադրույքով, ինչը նշանակում է որ եթե շուկայում տոկոսադրույքները բարձրանան, նրա կողմից վճարման ենթակա գումարի չափը նույնպես կբարձրանա՝ անկանխատեսելի դարձնելով իր ծախսերը։ Անվանենք նրան Կողմ A, որը վերցրել է 10 մլն վարկ փոփոխական 6% տոկոսադրույքով։

Որպեսզի ընկերությունն իրեն պաշտպանի այդ ռիսկից, այն կնքում է սվոփ մեկ այլ ընկերության հետ։ Կողմ B-ն իր հերթին ունի պարտավորություններ ֆիքսված 5% տոկոսադրույքով։

Սվոփի պայմաններով Կողմ A-ն վճարում է ֆիքսված տոկոսադրույք Կողմ B-ին, իսկ Կողմ B-ն իր հերթին փոխհատուցում է Կողմ A-ին փոփոխական տոկոսադրույքի տարբերությունը։

Այսպիսով, գործնականում Կողմ A-ն «փոխանակում» է իր փոփոխական տոկոսադրույքը ֆիքսվածի հետ։ Արդյունքում նա վստահ է, որ ամեն ամիս վճարելու է նույն տոկոսադրույքը՝ միշտ 5%, նույնիսկ եթե շուկայում տոկոսադրույքները բարձրանան մինչև 7%։

Եթե տվյալ ամիս շուկայում փոփոխական տոկոսադրույքը դառնում է 7%, ապա տարբերությունը 2% է։ Այդ տարբերությունը Կողմ B-ն մարում է Կողմ A-ին։
Եթե տոկոսադրույքը իջնի մինչև 4%, ապա Ան է վճարում Բին տարբերությունը։

 

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ 

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 17.09.2025 11:50