Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչպե՞ս են ներդրողները կառավարում ռիսկերը

Ցանկացած ներդրում կապված է ռիսկի հետ։ Այդ իսկ պատճառով կարևոր է հասկանալ և կառավարել ներդրումների հետ կապված ռիսկերը։ Այս հոդվածում կքննարկենք ռիսկի կառավարման հիմնական մեթոդներն ու ռազմավարությունները, որոնք օգտագործում են ներդրողները՝ պոտենցիալ կորուստները նվազագույնի հասցնելու համար։

Ի՞նչ է ռիսկը

Ներդրումների դեպքում ռիսկը որևէ ակտիվի (բաժնետոմս, պարտատոմս, ETF և այլն) արժեքի նվազման և, հետևաբար, գումար կորցնելու հավանականությունն է։ Չնայած ռիսկը լիովին բացառել հնարավոր չէ, այնուամենայնիվ, հնարավոր է կառավարել այն՝ կիրառելով որոշակի մոտեցումներ։

Ներդրումների աշխարհում գործում է ռիսկի և եկամտաբերության միջև կապը որքան բարձր է ներդրման ռիսկը, այնքան բարձր է նաև պոտենցիալ եկամտաբերությունը։ Այս կանոնը նշանակում է, որ ներդրողները, որոնք պատրաստ են ավելի բարձր ռիսկի գնալ, ակնկալում են ավելի մեծ եկամուտ։ Սակայն պետք է հիշել, որ բարձր ռիսկը միշտ չէ, որ երաշխավորում է բարձր եկամուտ, և հնարավոր են նաև կորուստներ։ Ընդհանուր առմամբ, ավելի ապահով տարբերակներն ունեն ավելի ցածր եկամտաբերություն։

Ռիսկի կառավարման հիմնական ռազմավարություններ

Ներդրողները ռիսկը կառավարելու համար կիրառում են տարբեր ռազմավարություններ, որոնք հիմնված են իրենց ֆինանսական նպատակների և ռիսկի հանդուրժողականության վրա։

  •   Պորտֆելի դիվերսիֆիկացում

Սա թերևս ռիսկի կառավարման ամենահայտնի և հիմնարար ռազմավարությունն է։ Դիվերսիֆիկացումը ներդրումները տարբեր ակտիվների միջև բաշխելն է՝ մեկ ներդրման կորուստների ազդեցությունը նվազեցնելու համար։

Սա կարող է ենթադրել ներդրումներ կատարել տարբեր ոլորտների (օրինակ՝ տեխնոլոգիական, առողջապահական, ֆինանսական), տարբեր երկրների տնտեսությունների կամ ակտիվների դասերի մեջ (օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, անշարժ գույք)։ Դիվերսիֆիկացված պորտֆելը ենթադրում է, որ եթե մի ոլորտը կամ ակտիվի տեսակը վատ արդյունքներ ունենա, մյուսները կարող են փոխհատուցել այդ կորուստները։

  •   Ակտիվների բաշխում

Ակտիվների բաշխումը պորտֆելի դիվերսիֆիկացիայի ավելի կառուցվածքային մոտեցում է։ Այն ներառում է ներդրումային միջոցները տարբեր ակտիվների դասերի միջև բաշխելը՝ հիմնվելով ռիսկի հանդուրժողականության, ներդրումային նպատակների և ժամկետների վրա։

Երիտասարդ ներդրողը, որն ունի ներդրումային ավելի երկար հորիզոն և ռիսկի ավելի բարձր հանդուրժողականություն, կարող է ունենալ ավելի ագրեսիվ բաշխում (օրինակ՝ 80% բաժնետոմսեր, որոնք ավելի բարձր ռիսկային գործիք են համարվում, և 20% պետական պարտատոմսեր, որոնք ցածր ռիսկային գործիք են համարվում)։ Ավելի պահպանողական ներդրողը, որը մոտ է թոշակի տարիքին, կարող է ունենալ ավելի պաշտպանողական բաշխում (օրինակ՝ 20% բաժնետոմսեր և 80% պետական պարտատոմսեր), քանի որ նա ցանկանում է պահպանել կապիտալը։

  • Պարբերական վերաբալանսավորում

Վերաբալանսավորումը պորտֆելի բաշխումը ժամանակի ընթացքում պահպանելու գործընթացն է։ Քանի որ տարբեր ակտիվների արժեքները փոխվում են, Ձեր պորտֆելի սկզբնական բաշխումը կարող է շեղվել։ Պորտֆելի վերաբալանսավորման մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր «Բառարան» բաժնի գրառման մեջ։

Եթե Ձեր բաժնետոմսերը զգալիորեն աճեն, դրանք կարող են կազմել Ձեր պորտֆելի ավելի մեծ մասը, քան նախատեսված էր։ Վերաբալանսավորումը ենթադրում է բաժնետոմսերի մի մասը վաճառել և ստացված գումարով գնել ավելի ցածր ռիսկային ակտիվներ (օրինակ՝ պարտատոմսեր)՝ պորտֆելը նախնական բաշխմանը վերադարձնելու համար։

  •   Գործիքների կիրառում

Ներդրողները կարող են օգտվել նաև որոշակի գործիքներից՝ ռիսկը նվազեցնելու համար։

  • Stop-Loss հայտ | Սա հրահանգ է բրոքերին՝ վաճառել արժեթուղթը, եթե դրա գինը իջնի որոշակի մակարդակից։ Սա օգնում է սահմանափակել հնարավոր կորուստները։ Նման հայտեր կարող եք դնել նաև մեր Apricot Capital հավելվածի միջոցով։
  • Պաշտպանական ակտիվներ | Ներդրողները հաճախ ներդրումներ են կատարում այնպիսի ակտիվներում, որոնք համարվում են ավելի անվտանգ (օրինակ՝ պետական պարտատոմսեր)։

Ռիսկի կառավարումը ներդրումների անբաժանելի մասն է։ Լավ մշակված ռազմավարությունն օգնում է հասնել ներդրումային նպատակներին՝ միաժամանակ զսպելով շուկայի տատանումների ազդեցությունը։

Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով

Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։ Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։ 

Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:

Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:

Վերջին թարմացումը՝ 08.08.2025 17:34