Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մենք ուսումնասիրեցինք տարբեր սերմեր (բաժնետոմսեր, ETF-ներ, պարտատոմսեր), որոնք կարող եք տնկել ձեր ֆինանսական այգում: Այսօր կխոսենք այդ սերմերը գնելու եղանակներից մեկի՝ լիմիտային պատվերի մասին:
Լիմիտային պատվերներ. սեփական գինը սահմանելու ճկունություն
Պատկերացրեք, որ դուք գյուղատնտեսական շուկայում եք և տեսել եք հյութեղ ծիրանի զամբյուղ: Որպես փորձառու այգեպան գիտեք, որ կիլոգրամը 500 դրամ արժե, բայց վաճառողը գինը սահմանել է 900 դրամ: Դուք կարող եք սակարկել, կամ կարող եք սահմանել լիմիտային պատվեր՝ վաճառողին ասելով «Ես կգնեմ, եթե պատրաստ եք վաճառել 500 դրամով»: Սա հենց լիմիտային պատվերն է։
Ֆոնդային շուկայում լիմիտային պատվերը որոշակի թվով բաժնետոմսեր գնելու կամ վաճառելու հրահանգ է Ձեր կողմից սահմանված գնով: Եթե շուկայական գինը հասնում է Ձեր սահմանաիծին, պատվերը կատարվում է: Եթե ոչ, այն մնում է չկատարված։
Լիմիտային պատվերի մասին
- Վերահսկողություն և ռիսկ | Դուք եք որոշում, թե ինչ գնով եք պատրաստ գնել կամ վաճառել, բայց երաշխիք չկա, որ Ձեր պատվերը կկատարվի: Եթե շուկան երբեք չհասնի ձեր լիմիտային գնին, Ձեր պատվերը չի կատարվի:
- Ռիսկերի կառավարում | Լիմիտային պատվերները միայն գնելու համար չեն. դրանք նաև հզոր գործիք են Ձեր ներդրումները պաշտպանելու համար, երբ շուկան անկում է ապրում: Դուք կարող եք սահմանել «stop-loss» լիմիտային պատվեր, որը հանձնարարում է Ձեր բրոքերին ավտոմատ կերպով վաճառել ձեր բաժնետոմսերը, եթե գինը որոշակի մակարդակի իջնի: Սա նման է անվտանգության բարձիկի, որն օգնում է սահմանափակել Ձեր կորուստները, եթե ամեն ինչ այնպես չընթանա, ինչպես պլանավորել եք:
— Պատկերացրեք, որ լիմիտային պատվերը շուկա այցելելիս Ձեր բյուջեի սահմաններն են։ Ծիրանը ամեն գնով չէիք գնի, չէ՞։ Լիմիտային պատվերը Ձեզ օգնում է ասել «Սա գնելու համար իմ առավելագույն գինն է» կամ «Սա այն նվազագույնն է, որով ես կվաճառեմ»:
Կհանդիպենք 8-րդ մասում, որտեղ կշարունակենք ուսումնասիրել ներդրումների աշխարհը: Հիշեք, որ Ձեր ֆինանսական այգու համար գիտելիքը լավագույն պարարտանյութն է:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։