Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքում փորձառու և սկսնակ ներդրողների համար կարճ և հասանելի ձևով ներկայացնել ոլորտի տերմինները: Այս հոդվածում կքննարկենք բարդ տոկոսը՝ մի հզոր “ուժ”, որը կարող է արագացնել Ձեր ներդրումային այգու աճը:
Բարդ տոկոս՝ Ձեր այգու գաղտնի պարարտանյութը
Բառարանի մեր շարքում ներդրումները համեմատում ենք ծիրանի ծառ տնկելու հետ: Բարդ տոկոսը նման է հատուկ պարարտանյութի, որի շնորհիվ ծառերը ավելի արագ են աճում և ժամանակի ընթացքում ավելի շատ բերք տալիս: Տեսնենք, թե ինչպես է այն աշխատում՝
- Վերաներդրումների ուժը. Երբ ներդրումներից արդյունք ենք ստանում (տոկոսներ, շահաբաժիններ և այլն), ունենք ընտրություն՝ հանել գումարը կամ վերաներդրել դրանք: Բարդ տոկոսը սկսում է աշխատել, երբ ընտրում ենք վերաներդրումներ կատարել:
- Եկամուտների աճ. Այդ վերաներդրված «սերմերը» այնուհետև սկսում են բերել իրենց սեփական եկամուտները, և դրանք նույնպես վերաներդրվում են: Այս ցիկլը ժամանակի ընթացքում կարող է բերել ձեր այգու զգալի աճի:
- Ժամանակը Ձեր ընկերն է. Որքան երկար ենք թողնում, որ բարդ տոկոսն աշխատի, այնքան մեծ կլինի դրա ազդեցությունը: Պատկերացրեք ձնագունդ, որը գլորվում է ներքև. այն սկզբում փոքր է, բայց մեծանում է և ժամանակի ընթացքում ավելի արագ է շարժվում:
Բարդ տոկոսի օրինակ
Ըստ Investopedia -ի՝ S&P 500 ինդեքսով չափված ԱՄՆ ֆոնդային շուկայի միջին եկամտաբերությունը տարեկան մոտ 10% է։
Ենթադրենք, դուք ներդնում եք 1000 ԱՄՆ դոլար 10% տարեկան եկամտաբերությամբ: 10 տարի անց Ձեր արդյունքները կլինեն`
- Պարզ տոկոսի դեպքում 10 տարի հետո դուք կունենաք 2000$։
- Բարդ տոկոսի դեպքում 10 տարի հետո դուք կվաստակեք մոտավորապես 2593,74 ԱՄՆ դոլար՝ վերաներդրվող եկամտի աճի շնորհիվ: Ստացվեց 593,74 ԱՄՆ դոլարի տարբերություն:
Բարդ տոկոսն աշխատում է Ձեր օգտին
Ինչպես ծառ տնկելու դեպքում բերքը հաջորդ օրը չենք հավաքում, այդպես էլ ներդրումների դեպքում “բերք” ստանալու համար հարկավոր է ժամանակ։
Որքան երկար եք թույլ տալիս, որ բարդ տոկոսը աշխատի Ձեր օգտին, այնքան ձեր գումարն ավելի է աճում՝ նույնիսկ փոքր, բայց հետևողական ներդրումների դեպքում։
Ահա թե ինչու ներդրումներ սկսելու լավագույն ժամանակը երեկ էր, իսկ հաջորդ լավագույն ժամանակը՝ այսօր։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Կհանդիպենք 5-րդ մասում, որտեղ կուսումնասիրենք ներդրումային այլ տերմիններ։ Եվ հիշեք, որ գիտելիքի մեջ ներդրում կատարելն ամենաարժեքավոր որոշումներից մեկն է, որ կարող եք կայացնել:
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: