«Ինչպե՞ս են մարդիկ գումար վաստակում ներդրումներով» շարքում ուսումնասիրել ենք ներդրումներով գումար վաստակելու տարբեր եղանակներ: Դիտարկել ենք գնաճից կապիտալի պահպանումը, եկամտի ստացումը և կապիտալի հավելաճից օգուտ քաղելը։ Այժմ կանդրադառնանք շուկայի տատանումներից գումար վաստակելուն, որը հիմնականում թրեյդերների կողմից կիրառվող ներդրումային մարտավարություն է:
Ինչպե՞ս են դա անում
Շուկայի տատանումներից գումար վաստակելու փորձը կարելի է համեմատել բացօթյա միջոցառում կազմակերպելու համար կատարյալ եղանակը կանխատեսելու փորձի հետ. Դուք ստուգում եք կանխատեսումները, բայց գիտեք, որ եղանակը կարող է արագ և անսպասելիորեն փոխվել, և նույնիսկ լավագույն կանխատեսումները կարող են սխալ դուրս գալ: Նույն ձև դժվար է բաժնետոմսերի շուկայում կանխատեսել, թե երբ է շուկան աճելու կամ նվազելու՝ էժան գնով արժեթղթեր գնելու և թանկ գնով դրանք արագ վաճառելու համար:
Շուկայի տատանումներից գումար վաստակել փորձող ներդրողներն օգտագործում են տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ՝
- Շուկայական միտումների, պատմական տվյալների և գրաֆիկների վերլուծություն՝ օրինաչափություններ բացահայտելու համար:
- Տոկոսադրույքների, ՀՆԱ-ի աճի և այլ տնտեսական ցուցանիշների վերլուծություն:
- Նորությունների և ընթացիկ իրադարձությունների հիման վրա արագ որոշումների կայացում և արձագանք:
Դժվարությունները
Թեև սա գրավիչ է հնչում, շուկայի տատանումներից հաճախակի գումար վաստակելը չափազանց դժվար է նույնիսկ փորձառու մասնագետների համար: Դրա պատճառներից են
- Անկանխատեսելիությունը | Շուկայի վրա ազդում են անթիվ գործոններ, ինչը գրեթե անհնար է դարձնում կարճաժամկետ տատանումները ճշգրտորեն կանխատեսելը:
- Զգացմունքային կողմնակալությունը | Վախը և ագահությունը կարող են հանգեցնել իմպուլսիվ որոշումների:
Ինչպես նշվեց, այս մոտեցումն ավելի հաճախ օգտագործվում է թրեյդերների կողմից: Պասիվ ներդրողներն առավել հաճախ նախընտրում են «buy-and-hold» (գնել և պահել) ռազմավարությունը՝ հիմնվելով շուկայի պատմական աճի միտման վրա և օգտվելով բարդ տոկոսից:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: