Մաս 6. Բարդ տոկոս
Բարդ տոկոսը նման է հատուկ պարարտանյութի, որի շնորհիվ ծառերը ավելի արագ են աճում և ժամանակի ընթացքում ավելի շատ բերք տալիս:
Բլոգի նախորդ գրառման մեջ քննարկել էինք, թե ինչպես են մարդիկ օգտագործում ներդրումները՝ իրենց փողի արժեքի պահպանման (կապիտալի պահպանում) և խնայողությունները գնաճից պաշտպանելու համար։ Այս անգամ կուսումնասիրենք, թե ինչպես կարող եք եկամուտ ստանալ Ձեր ներդրումներից։ Կա երկու տարածված եղանակ՝ շահաբաժին (դիվիդենդ) վճարող բաժնետոմսեր և արժեկտրոն (կուպոն) վճարող պարտատոմսեր։
Ի՞նչ են շահաբաժինները (դիվիդենդներ) և արժեկտրոնները (կուպոններ)
Դրանք Ձեր կապիտալի (գումարի) ներդրման դիմաց ստացվող եկամուտն են։
Գիտե՞ք, որ բորսայում շրջանառվող ֆոնդերը (ETF-ները) նույնպես կարող են դիվիդենդներ վճարել։
ETF-ները արժեթղթերի զամբյուղներ են (կարող է օրինակ բաղկացած լինել բաժնետոմսերից կամ պարտատոմսերից), որոնք կարող եք գնել և վաճառել ինչպես բաժնետոմսերը։ Եթե ETF-ի հիմքում ընկած ակտիվները վճարում են շահաբաժիններ, ապա այդ շահաբաժինները սովորաբար փոխանցվում են ETF բաժնետերերին։ Իմացեք ավելին ETF-ների մասին՝ կարդալով մեր բլոգի համապատասխան գրառումը։
Հիմնական տարբերությունը
Արժեկտրոնները համարվում են ֆիքսված եկամտի հոսք, քանի որ դրանց վճարումները կանոնավոր են և գրաֆիկով։ Շահաբաժինների վճարումները երաշխավորված չեն։ Ընկերությունները կարող են ավելացնել, նվազեցնել կամ նույնիսկ չվճարել շահաբաժիններ՝ կախված իրենց ֆինանսական կատարողականից։
Վերաներդրում՝ երկարաժամկետ աճի համար
Շահաբաժինների ու արժեկտրոնների վերաներդրումը կարող է հզոր գործիք լինել երկարաժամկետ աճի համար։ Երբ օգտագործում եք շահաբաժինները կամ արժեկտրոններն ավելի շատ ներդրումներ կատարելու համար, Դուք կարող եք օգտվել բարդ տոկոսից՝ ըստ էության տոկոս ստանալով Ձեր տոկոսագումարների վրա։ Սա թույլ է տալիս մեծացնել Ձեր եկամուտը և ժամանակի հետ կուտակել հարստություն։ Իմացեք ավելին բարդ տոկոսի մասին՝ կարդալով մեր բլոգի համապատասխան գրառումը։
Դիվերսիֆիկացման կարևորությունը
Ներդրումներ կատարելով և՛ շահաբաժին վճարող բաժնետոմսերում, և՛ պարտատոմսերում, Դուք կարող եք ունենալ դիվերսիֆիկացված պորտֆել՝ նվազեցնելով ռիսկը։ Եթե ներդրումների մեկ տեսակը վատ կատարողական ունենա, մյուսը կարող է օգնել փոխհատուցել հնարավոր կորուստները։ Այս հավասարակշռված մոտեցումը կարող է օգնել ապահովել ավելի կայուն եկամտի հոսք։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներից եկամուտ ստանալով
Իմացեք ավելին ներդրումների մասին Էփրիքոթ Ակադեմիայում։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ և ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store-ից և Google Play-ից։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 30.10.2024 12:07