Այս շարքի նախորդ հոդվածներում ուսումնասիրեցինք, թե ինչպես ներդրումները կարող են օգնել ձեզ մեղմել գնաճի հետևանքները («Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 1՝ գնաճ») և հասնել Ձեր ֆինանսական նպատակներին («Հարց ու պատասխան Էփրիքոթի հետ | Ինչո՞ւ են մարդիկ ներդրումներ կատարում | Պատճառ 2՝ Նպատակներ»): Այսօր կներկայացնենք ներդրումներ կատարելու մեկ այլ տարածված պատճառ՝ կապիտալի հավելաճի հնարավորությունը:
Ի՞նչ է կապիտալի հավելաճը
Եթե կարճ, ապա կապիտալի հավելաճը ժամանակի ընթացքում ակտիվի արժեքի աճն է: Ակտիվ ասելով հասկանում ենք Ձեզ պատկանող մի բան, որն ունի արժեք, օրինակ՝ բաժնետոմս, տուն կամ նույնիսկ հազվագյուտ մետաղադրամների հավաքածու։ Երբ դուք ներդրումներ եք կատարում բաժնետոմսերի, անշարժ գույքի կամ կոլեկցիոն իրերի մեջ, դուք հույս ունեք, որ դրա արժեքը ժամանակի ընթացքում կաճի։ Արժեքի այս աճն էլ անվանում ենք կապիտալի հավելաճ:
Ինչո՞ւ է կապիտալի հավելաճը կարևոր
Կապիտալի հավելաճը հարստության ստեղծման հիմնական շարժիչ ուժն է: Ներդրումներ կատարելով հավելաճի ներուժ ունեցող ակտիվներում՝ ժամանակի ընթացքում կարող ենք զգալիորեն մեծացնել մեր հարստությունը և ունենալ այնպիսի հնարավորություններ ինչպես օրինակ՝
- Ձեռք բերել ֆինանսական անկախություն. ստեղծել բավականաչափ հարստություն՝ հարմարավետ ապրելու համար և չապավինել միայն աշխատավարձի վրա:
- Ֆինանսավորել մեր կայքնի կարևոր ծրագրեր, ինչպես օրինակ՝ գնել տուն, սկսել բիզնես կամ նույնիսկ վաղաժամ անցնել թոշակի:
- Ժառանգություն ստեղծել. մեր կառուցած հարստությունը փոխանցել գալիք սերունդներին:
Ինչպե՞ս է աշխատում կապիտալի հավելաճը
Տարբեր ակտիվներ կապիտալի հավելաճն ապահովում են տարբեր եղանակով։ Դիտարկենք մի քանի ակտիվի օրինակ՝
- Բաժնետոմսեր | Ենթադրենք, գնում եք տեխնոլոգիական ընկերության բաժնետոմս $100-ով: Եթե ընկերությունը մշակի նոր բեկումնային տեխնոլոգիա և նրա շահույթը աճի, ապա ներդրողները կարող են պատրաստ լինել ավելի շատ վճարել այդ ընկերության բաժնետոմսերի համար: Եթե բաժնետոմսի գինը բարձրանա մինչև $150, ապա գնման պահին Ձեր վճարած գնի և ընթացիկ արժեքի տարբերությունը կլինի Ձեր կապիտալի հավելաճը: Դուք կարող եք որոշել վաճառել այդ բաժնետոմսը և ստանալ $50 շահույթ կամ կարող եք որոշել պահել այն՝ հույս ունենալով, որ ապագայում դրա գինն էլ էլ ավելի կաճի:
- ETFs-ներ | Պատկերացրեք, որ դուք ներդրումներ եք կատարում մի ETF-ում, որը հետևում է ֆոնդային շուկայի լավագույն 500 ընկերությունների կատարողականին: Եթե այս ընկերությունների շուկայական գների միջինացված մակարդակը աճի, ապա ETF-ի արժեքը նույնպես կբարձրանա: ETF-ի համար սկզբնական վճարած գումարի և դրա ընթացիկ արժեքի տարբերությունը Ձեր կապիտալի հավելաճն է: Դուք կարող եք վաճառել Ձեր ETF-ը՝ այդ շահույթն իրացնելու համար կամ շարունակել պահել այն՝ ակնկալելով շուկայի հետագա աճ:
- Անշարժ գույք | Ենթադրենք ձեռք եք բերում տուն $100,000-ով: Ժամանակի ընթացքում այդ թաղամասը դառնում է ավելի պահանջված, և աճող պահանջարկը բարձրացնում է գույքի արժեքը: Եթե տարիներ անց որոշեք վաճառել Ձեր տունը $150,000-ով, այդ $50,000 տարբերությունը Ձեր կապիտալի հավելաճն է:
- Ոսկի կամ այլ թանկարժեք մետաղներ | Ենթադրենք ոսկու ձուլակտոր եք գնում, երբ գինը $9500 էր: Եթե ոսկու գինը բարձրանա մինչև $11,000, դուք կարող եք վաճառել Ձեր ոսկին և ստանալ $1500 շահույթը, որը և կլինի Ձեր կապիտալի հավելաճը։
- Կոլեկցիոն իրեր | Պատկերացրեք, որ դուք գնել եք «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը մոտ $30-ով, երբ այն առաջին անգամ լույս տեսավ 1997 թվականին: Տարիների անց Հարի Փոթերի շարքը դարձել է համաշխարհային ֆենոմեն, և գրքի առաջին հրատարակությունները դարձել են կոլեկցիոն իր։ Այսօր լավ վիճակում գտնվող առաջին հրատարակությունը կարող է արժենալ $40,000-ից մինչև $100,000-ը՝ կախված կոնկրետ տպագրությունից և դրա վիճակից: Նախնական վճարած $30-ի և տասնյակ հազարավոր դոլարների ընթացիկ արժեքի միջև տարբերությունն այս դեպքում կլինի Ձեր կապիտալի հավելաճը:
Ի՞նչ հաշվի առնել կապիտալի հավելաճի ներուժ ունեցող ներդրումներ ընտրելիս
Կապիտալի հավելաճի ներուժ ունեցող ներդրումներ ընտրելիս հաշվի են առնում հետևյալ գործոնները՝
- Իրացվելիություն | Իրացվելիության աստիճանը ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ այդ ակտիվը կարող եք վերածել գումարի/վաճառել, եթե ձեզ արագ գումար անհրաժեշտ լինի: Հաշվի առեք ակտիվի իրացվելիությունը, հատկապես, եթե մոտ ապագայում Ձեզ կարող է անհրաժեշտ լինել ներդված գումարը:
- Ռիսկի ախորժակ | Հավելաճի ավելի մեծ ներուժ ունեցող ներդրումները հաճախ ավելի բարձր ռիսկեր են պարունակում: Ընտրեք ներդրումներ, որոնք համապատասխանում են Ձեր ռիսկի ախորժակին:
- Ներդրումային հորիզոն | Ձեր ներդրումային հորիզոնն այն ժամանակային հատվածն է, որի ընթացքում նախատեսում եք կատարել ներդրումներ, պահել Ձեր ներդրումները, նախքան դրանք գումարի վերածելը։ Որքան երկար լինի Ձեր ներդրումային հորիզոնը, այնքան ավելի շատ ժամանակ կունենաք կապիտալի հավելաճից հնարավոր օգուտ քաղելու համար:
- Դիվերսիֆիկացում | Բոլոր ձվերը մի զամբյուղի մեջ մի դրեք: Բաշխեք Ձեր ներդրումներն ակտիվների տարբեր տեսակների միջև՝ ռիսկը նվազեցնելու համար:
- Արժեքի աճի ներուժ | Խոսքը ժամանակի ընթացքում ներդրումների արժեքի հնարավոր աճի մասին է: Հետազոտեք և վերլուծեք տարբեր ներդրումների աճի ներուժը՝ հիմնվելով պատմական տվյալների և շուկայի միտումների վրա:
- Սպասարկման/պահպանման ծախսեր | Որոշ ներդրումներ, ինչպիսիք են անշարժ գույքը, կոլեկցիոն իրերը կարող են ունենալ ընթացիկ ծախսեր, ինչպիսիք են գույքահարկերը, ապահովագրությունը, պահեստավորման վճարները կամ կառավարման վճարները: Հաշվի առեք այս ծախսերը Ձեր ընդհանուր ներդրումային ռազմավարության մեջ:
Դիտարկենք մեր օրինակի ակտիվների համեմատությանը
Ակտիվ | Իրացվելիություն | Ռիսկ | Հորիզոն | Արժեքի աճի ներուժ | Սպասարկման/պահպանման ծախսեր |
Բաժնետոմսեր | Բարձր | Բարձր | Երկարաժամկետ | Բարձր | Ցածր (սովորաբար միայն միջնորդավճարներ) |
ETF-ներ | Բարձր | Կախված է կոնկրետ ETFից | Կախված է կոնկրետ ETFից | Կախված է կոնկրետ ETFից | Ցածր (միջնորդավճարներ, տարեկան սպասարկման վճար) |
Անշարժ գույք | Ցածր | Ցածր | Երկարաժամկետ | Միջին կամ բարձր | Կարող է լինել բարձր (գույքահարկ, ապահովագրություն, սպասարկում և այլն) |
Ոսկի կամ այլ թանկարժեք մետաղներ | Բարձր | Միջին | Կախված է կոնկրետ դեպքից | Միջին | Տատանվում է (պահեստավորման վճարներ, եթե խոսքը ֆիզիկական ոսկու մասին է) |
Կոլեկցիոն իրեր | Կախված է կոնկրետ իրից | Բարձր | Երկարաժամկետ | Կախված է կոնկրետ իրից | Կարող է լինել բարձր (պահեստավորում, ապահովագրություն, նույնականացում և այլն) |
Պատրա՞ստ եք մեծացնել Ձեր կապիտալը
Էփրիքոթ Կապիտալը հնարավորություն է տալիս ներդրումներ կատարել մի շարք ներդրումային գործիքներում: Անվճար բացեք բրոքերային հաշիվ Էփրիքոթում և սկսեք կառուցել Ձեր հարստությունը։ Մենք առաջարկում ենք անվճար տարեկան սպասարկում, ցածր միջնորդավճարներ, նվազագույն գումարի պահանջի բացակայություն:
Ներբեռնեք մեր Apricot հավելվածը App Store ից և Google Play ից։
Ցանկանու՞մ եք ավելին իմանալ ներդրումների մասին: Կարդացեք մեր «Հարց ու պատասխան» շարքի ու բառարանի այլ հոդվածները:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: