Էպիզոդ #3 Ի՞նչ է պետք իմանալ ներդրումներ սկսելիս | զրույց Էփրիքոթ Կապիտալի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանի հետ
Այս էպիզոդում հյուրընկալել ենք Էփրիքոթ Կապիտալի Վերջնահաշվարկի բաժնի ղեկավար Կարինե Ներսիսյանին։
Մեր բառարանի շարքի այս գրառման մեջ խոսելու ենք մի կարևոր հասկացության՝ եկամտաբերության մասին: Այս տերմինը հաճախ հանդիպում է, երբ խոսում ենք կանոնավոր եկամուտ ապահովող ներդրումների մասին, ինչպիսիք են պարտատոմսերը և շահաբաժին վճարող բաժնետոմսերը: Եկամտաբերության հասկացությունը կարևոր է Ձեր ներդրումների հնարավոր եկամուտը գնահատելու համար:
Ի՞նչ է եկամտաբերությունը
Եկամտաբերությունը որոշակի ժամանակահատվածում ներդրումից ստացվող եկամուտն է՝ արտահայտված որպես ներդրումի ընթացիկ շուկայական գնի կամ, որոշ դեպքերում, դրա անվանական արժեքի տոկոս: Այն, ըստ էության, ցույց է տալիս, թե որքան եկամուտ եք ստանում՝ համեմատած ներդրման դիմաց վճարած գումարի հետ:
Օրինակ՝ եթե ինչ–որ բան գնում եք 100 000 դրամով, և այն Ձեզ տարեկան 5 000 դրամ եկամուտ է բերում, եկամտաբերությունը կլինի 5%:
Կարևոր է նշել, որ եկամտաբերությունը տարբերվում է ընդհանուր եկամտից, որը ներառում է նաև կապիտալի հավելաճը (ժամանակի ընթացքում ներդրման արժեքի բարձրացում): Եկամտաբերությունը կենտրոնանում է միայն եկամտի բաղադրիչի վրա:
Եկամտաբերության հասկացությունը կարող է կիրառվել տարբեր ակտիվների դասերի համար, և հաշվարկը կարող է փոքր–ինչ տարբերվել: Այս հոդվածում կդիտարկենք պարտատոմսերի օրինակը։
Հիշենք մի քանի կարևոր հասկացություն պարտատոմսերի մասին
Երբ դուք գնում եք պարտատոմս, դուք էստ էության «պարտոքով գումար եք տալիս» ընկերությանը կամ կառավարությանը: Փոխարենը նրանք պարտավորվում են Ձեզ վերադարձնել այդ գումարը ապագա ամսաթվով (մարման ժամկետ)։ Բայց դա դեռ ամենը չէ: Նրանք նաև պարտավորվում են պարտատոմսի գործողության ողջ ընթացքում Ձեզ կանոնավոր կերպով վճարել տոկոսագումարներ, որոնք կոչվում են արժեկտրոն (կուպոն)։
Արժեկտրոնի տոկոսադրույքը տարեկան տոկոսադրույքն է: Այն սովորաբար արտահայտվում է որպես պարտատոմսի անվանական արժեքի (հիմնական գումարի) տոկոս: Օրինակ, եթե պարտատոմսն ունի 100 000 դրամ անվանական արժեք և 5% արժեկտրոնի տոկոսադրույք, դուք ամեն տարի կստանաք 5 000 դրամ տոկոսագումար:
Արժեկտրոնային վճարումները սովորաբար կատարվում են կիսամյակային, ինչը նշանակում է, որ դուք տարվա մեջ կստանաք 2 500 դրամի երկու վճարում: Վճարման հաճախականությունը կարող է տարբեր լինել՝ կախված պարտատոմսից:
Պարտատոմսի եկամտաբերությունը (ընթացիկ եկամտաբերությունը) արտահայտում է պարտատոմսի տարեկան արժեկտրոնը (կուպոնը, տոկոսավճարը)՝ որպես պարտատոմսի ընթացիկ շուկայական գնի տոկոս:
Արժեկտրոնի տարեկան վճարը հաշվարկվում է արժեկտրոնի տոկոսադրույքն անվանական արժեքով բազմապատկելով: Սակայն շուկայում պարտատոմսի համար վճարվող գինը (ընթացիկ շուկայական գինը) կարող է տարբերվել դրա անվանական արժեքից. պարտատոմսը թողարկումից հետո շուկայում վաճառվի անվանական արժեքից ավելի ցածր կամ բարձր գնով:
Ահա թե ինչու ընթացիկ եկամտաբերությունը հաշվարկելու համար օգտագործում ենք ընթացիկ շուկայական գինը.
Ընթացիկ եկամտաբերություն = Տարեկան Արժեկտրոն/ Պարտատոմսի ընթացիկ շուկայական գին * 100%
Օրինակ՝ ունենք պարտատոմս, որի անվանական արժեքը 100 000 դրամ է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ 5%: Այս դեպքում ներդրողը ստանում է տարեկան 5 000 դրամ (100 000 × 5%) արժեկտրոն: Եթե պարտատոմսը ներկայումս հնարավոր է շուկայում գնել 95 000 դրամով (սա նրա ընթացիկ շուկայական գինն է), ապա պարտատոմսի ընթացիկ եկամտաբերությունը կլինի
5 000 /95 000×100%≈5.26%
Ստացվում է, որ չնայած պարտատոմսի տոկոսադրույքն անվանական արժեքից 5% է, 95 000 դրամով այն ձեռք բերած ներդրողի համար այդ նույն պարտատոմսի իրական եկամուտը կլինի ավելի բարձր՝ 5.26%:
Նշենք, որ կան պարտատոմսերի եկամտաբերության այլ տեսակներ, օրինակ՝ մարման եկամտաբերությունը (yield to maturity), որը հաշվի է առնում պարտատոմսի անվանական արժեքը, մարման ժամկետը և կապիտալի հավելաճը կամ կորուստը, եթե այն պահվում է մինչև մարում:
Ինչու՞ է եկամտաբերությունը կարևոր
Նմանատիպ ներդրումներ համեմատելիս դրանց եկամտաբերությունների համեմատությունը կարող է օգնել ներդրողներին բացահայտել պոտենցիալ թերագնահատված կամ գերագնահատված ակտիվներ: Ավելի բարձր եկամտաբերությունը կարող է վկայել թերագնահատված ակտիվի մասին, բայց նաև կարող է ավելի բարձր ռիսկ պարունակող ներդրուման ցուցանիշ լինել։
Պարտատոմսեր ընտրելիս եկամտաբերությունից բացի կարևոր է դիտարկել այլ գործոններ, ինչպիսիք են թողարկողի ընդհանուր ֆինանսական վիճակը, կապիտալի հավելաճի ներուժը և Ձեր սեփական ներդրումային նպատակները և ռիսկի հանդուրժողականությունը:
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ:
Վերջին թարմացումը՝ 02.05.2025 19:45