Շարունակում ենք «Էփրիքոթի հետ ներդրողի բառարան» շարքը։ Այս հոդվածում կանդրադառնանք ֆոնդային շուկան հասկանալու և դրանում կողմնորոշվելու համար կարևոր մի հասկացության՝ ինդեքսներին։
Ի՞նչ է ինդեքսը
Ինդեքսը շուկայի որոշակի հատվածի կամ ոլորտի կատարողականի պատկերն է։ Պատկերացրեք, որ ընտրվել է բաժնետոմսերի խումբ, որոնց հետևելով կարող ենք պատկերացում կազմել որոշակի շուկայի որոշ հատվածի ընդհանուր առողջության և շարժի ուղղության մասին։
Ինչո՞ւ են ինդեքսները կարևոր
Ինդեքսները ներդրողների համար ծառայում են մի քանի հիմնական նպատակների.
- Կատարողականի չափանիշ | Ինդեքսները կարող են լինել առանձին բաժնետոմսերի կամ ներդրումային պորտֆելների կատարողականը համեմատելու համար չափանիշ։ Օրինակ, եթե ձեր պորտֆելն աճել է 10%, մինչդեռ S&P 500-ն աճել է 8%, ապա Ձեր պորտֆելն ունի ավելի լավ կատարողական, քան շուկայի ապահովածը։
- Շուկայի ցուցիչ | Ինդեքսները արտացոլում են ներդրողների տրամադրությունը և շուկայի ընդհանուր միտումները։ Աճող ինդեքսը, որպես կանոն, վկայում է շուկայի դրական հեռանկարի մասին, մինչդեռ ընկնող ինդեքսը կարող է ցույց տալ, որ կան մտահոգություններ տնտեսության վերաբերյալ։
- Ներդրումային գործիքների հիմք | Կան ներդրումային գործիքներ, ինչպիսիք են ինդեքսային ֆոնդերը և ETF-ները, որոնք հետևում են որոշակի ինդեքսների։ Սա թույլ է տալիս ներդրողներին մեկ ներդրումով շուկայի որոշակի հատվածի մասով պորտֆելում ունենալ դիվերսիֆիկացված ներդրում։
Հայտնի ինդեքսներ
Ամենատարածված ինդեքսների թվում են.
- S&P 500 | Հետևում է ԱՄՆ 500 խոշոր ընկերությունների կատարողականին, որոնք կազմում են ԱՄՆ ֆոնդային շուկայի ընդհանուր կապիտալիզացիայի մոտ 80%-ը։
- Nasdaq 100 | Բաղկացած է Nasdaq ֆոնդային բորսայում գրանցված 100 խոշորագույն ոչ ֆինանսական, հիմնականում տեխնոլոգիական ընկերություններից։
- Dow Jones Industrial Average (DJIA) | Հետևում է ԱՄՆ-ում 30 խոշոր, կայացած ընկերությունների կատարողականին։
- FTSE 100 | Հետևում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերություններին։
- Euro Stoxx 50 | Ներկայացնում է եվրոգոտու 50 առաջատար ընկերությունների կատարողականը։
- DAX 40 | Ներկայացնում է 40 խոշոր գերմանական ընկերությունների կատարողականը, որոնց բաժնետոմսերը գնվում և վաճառվում են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում։
- CAC 40 | Հետևում է Փարիզի ֆոնդային բորսայում ցուցակված 40 խոշորագույն ընկերությունների կատարողականին։
Ինչպե՞ս են կառուցվում ինդեքսները
Ինդեքսները կառուցվում են տարբեր մեթոդաբանություններով։ Ամենատարածվածներն են.
- Շուկայական կապիտալիզացիայով կշռված | Ինդեքսում յուրաքանչյուր ընկերության կշիռը որոշվում է իր շուկայական կապիտալիզացիայով։ Այն ընկերությունները, որոնց կապիտալիզացիան ավելի մեծ է. դրանք ավելի խոշոր են, ավելի մեծ ազդեցություն ունեն ինդեքսի կատարողականի վրա։ Օրինակ՝ S&P 500-ը շուկայական կապիտալիզացիայով կշռված ինդեքս է։ Սա նշանակում է, որ Apple-ի և Microsoft-ի նման ընկերությունները, որոնց շուկայական կապիտալիզացիան ավելի մեծ է, ավելի մեծ ազդեցություն ունեն ինդեքսի տատանումների վրա՝ համեմատած ինդեքսում ներառված ավելի փոքր ընկերությունների հետ։
- Գնով կշռված | Ինդեքսում յուրաքանչյուր ընկերության կշիռը որոշվում է իր բաժնետոմսի գնով։ Ավելի բարձր գնով բաժնետոմսերն ավելի մեծ ազդեցություն ունեն ինդեքսի վրա։ Օրինակ՝ Dow Jones Industrial Average (DJIA)-ը գնով կշռված ինդեքս է։ Սա նշանակում է, որ 300 դոլար բաժնետոմսի գնով ընկերությունը կունենա եռակի ազդեցություն՝ համեմատած 100 դոլար բաժնետոմսի գին ունեցող ընկերության հետ՝ անկախ դրանց իրական շուկայական արժեքից։
- Հավասար կշռված | Ինդեքսում յուրաքանչյուր ընկերությանը տրվում է հավասար կշիռ՝ անկախ ընկերության չափից կամ բաժնետոմսի գնից։
Ներդրումներ ինդեքսներում
Ներդրողները կարող են ներդրումներ կատարել ինդեքսներին հետևող ֆինանսական գործիքներում, ինչպես օրինակ՝
- Ինդեքսային ֆոնդեր | Այս ֆոնդերը պասիվ կերպով հետևում են որոշակի ինդեքսի՝ ձգտելով կրկնօրինակել դրա կատարողականը։
- Բորսայում շրջանառվող ֆոնդեր (ETF-ներ) | Վերջիններս նման են ինդեքսային ֆոնդերին, բայց դրանք կարելի է գնել և վաճառել ֆոնդային բորսաներում՝ ինչպես բաժնետոմսերը։ Իմացեք ավելին ETF-ների մասին Apricot talks խելացի ներդրողի փոդքասթի #6 էպիզոդում։
Ինդեքսները ներդրողների համար հարմար գործիք են՝ շուկայական միտումները հասկանալու, կատարողականը չափելու և շուկայի որոշակի հատվածներում դիվերսիֆիկացված ներդրումներ կատարելու համար։ Հասկանալով, թե ինչպես են աշխատում ինդեքսները, ներդրողները կարող են կայացնել ավելի տեղեկացված ներդրումային որոշումներ։
Կարևոր է հիշել, որ ցանկացած ներդրում ենթակա է շուկայական տատանումների և կրում է ներհատուկ ռիսկեր: Նախքան ներդրումներ կատարելը, հաշվի առեք Ձեր ֆինանսական նպատակները և ֆինանսական ռիսկեր ստանձնելու Ձեր ունակությունը:
Էփրիքոթ Կապիտալը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
*Նյութում ներկայացված օրինակները կրում են միայն տեղեկատվական բնույթ: Դրանք չեն հանդիսանում ներդրումային խորհուրդ կամ որևէ կոնկրետ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ: Տեքստում նշված նախկինում գրանցված կատարողականը չի երաշխավորում ապագայում նմանատիպ արդյունքներ: